Foto

Պուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է զորքերի միավորված խմբավորման օժանդակ կառավարման կետ, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։ Ռուսաստանի զինված ուժերն ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) Դոբրոպոլյե քաղաքը։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

Գերասիմովի խոսքով՝ ռուսական զորքերը լիակատար վերահսկողություն են հաստատել քաղաքի նկատմամբ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը զեկուցել է, որ Ռուսաստանի զինված ուժերը սկսել են հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին։

Նրա խոսքով՝ ռազմական պլանի համաձայն՝ հարվածներ են հասցվում նաև Ուկրաինայի ռազմավարական նշանակության կամուրջներին։

Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանին անվտանգության գոտու ստեղծման գործընթացը հաջողությամբ է ընթանում։ Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ Ուկրաինայի տարածքում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ տարվա սկզբից ռուսական զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել 6,5 հազար քառակուսի կիլոմետր տարածք և 310 բնակավայր։

Պուտինի խոսքով՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքի 10 տոկոսից մի փոքր ավելին և Զապորոժիեի մարզի տարածքի 16 տոկոսը դեռևս ռուսական ուժերի վերահսկողության տակ չեն։ Նա նաև նշել է, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունն ամբողջությամբ վերահսկվում է ռուս զինվորականների կողմից։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը շարունակում է մնալ ռուսական կողմի գլխավոր խնդիրներից մեկը։

Պուտինը նշել է, որ Ալեքսեևո-Դրուժկովկայի ազատագրումը պայմաններ է ստեղծում Դոնբասի հնարավորինս արագ ազատագրման համար։ Նրա խոսքով՝ Զապորոժիեի մարզում ռուսական զորքերի առաջխաղացումը բարձր տեմպերով է ընթանում։

Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում անվտանգության գոտին զգալիորեն ընդլայնվել է։

Պուտինի խոսքով՝ ռազմական գործողություններն ուղեկցվում են կորուստներով և դժվարություններով, սակայն ռուսական զորքերի առաջխաղացման տեմպերն աճել են։