«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը «ՓԱՍՏ»-ի հետ զրույցում ընդգծեց, որ ընդդիմությունը Վաղարշապատում ունի իրական հաջողության հնարավորություն․
«Սոցիոլոգիական հարցումները և քաղաքացիների հետ շփումները ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագրի» և նրա դրածոների նկատմամբ դժգոհությունն արդեն գագաթնակետին է։ Մարդիկ բացասական են վերաբերվում և՛ քաղաքական գործունեությանը, և՛ համայնքի կառավարման ձախողումներին։ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը Վաղարշապատում աննախադեպ ցածր է։ Պատահական չէ, որ այս ընթացքում նա չի համարձակվում այցելել քաղաք։ Իսկ ՔՊ-ն անգամ փորձում է Արգիշտի Մեխակյանին տարանջատել սեփական կուսակցությունից՝ հասկանալով, որ նրա կապը Փաշինյանի հետ միայն վնաս է բերում»։
Մանուկյանի խոսքով՝ քարոզարշավը ցույց է տվել, որ համայնքի բնակիչները պատրաստ են մասնակցել ընտրություններին և գիտակցում են իրենց ձայնի կարևորությունը.
«Եթե մասնակցության բարձր ցուցանիշ լինի, ՔՊ-ի պարտությունն անխուսափելի է։ Մարդիկ հոգնել են ճնշումներից, խախտումներից, կեղծ խոստումներից և ուզում են փոփոխություն»։
Իշխանության հիմնական վախը Գյումրու վերջին ընտրությունների կրկնությունն է, որտեղ չնայած վարչական ռեսուրսի լայնածավալ օգտագործմանը՝ իշխող ուժը չկարողացավ պարտադրել իր թեկնածուին։ Այդ պատճառով, ինչպես նշում է Արեգնազ Մանուկյանը, այս անգամ ևս ակնկալվում են խախտումներ, ճնշումներ և թեկնածուների նկատմամբ անհավասար պայմաններ.
«Մենք արդեն ներկայացրել ենք բազմաթիվ փաստեր՝ ՔՊ-ի կողմից իրականացված խախտումների մասին, որոնք իրավաբանները փոխանցել են Ընտրական հանձնաժողով։ Եթե հանձնաժողովը գործեր օրենքի շրջանակում, ՔՊ-ի գրանցումը պետք է ուժը կորցրած ճանաչվեր։ Մերժումը կանխատեսելի էր, բայց փաստը կմնա պատմության մեջ, և այս ամենը պատասխան է ունենալու»։
Մանուկյանը համոզված է, որ վերջնական արդյունքը որոշելու է քաղաքացիների ակտիվությունը․
«Մենք վերահսկելու ենք ընտրական գործընթացի յուրաքանչյուր փուլը, բայց ամենակարևորը ընտրողի կամքն է։ Եթե մարդիկ գան ընտրության, իշխանությունը պարտվելու է։ Դրա համար էլ մեր կարգախոսն է՝ «Միացի՛ր, որ փոխենք»»։
Վաղարշապատի ընտրությունները կարող են դառնալ երկրում քաղաքական փոփոխությունների կարևորագույն ազդակը։ Քաղաքը կանգնած է ընտրության առաջ՝ շարունակե՞լ վարչական ճնշումների, անարդարությունների և ընդհատվող համայնքային զարգացման ուղին, թե՞ նոր էջ բացել սեփական պատմության մեջ։









