Foto

Նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» թեմային

2025 թվականի նոյեմբերի 11-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը» թեմային: Այդ մասին տեղեկացնում են «Հայփոստ» ընկերությունից:

320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ, հրապարակախոս Ավետիք Իսահակյանը (1875-1957 թթ.):

Նամականիշի վրա առկա են նաև «ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ», «150 ԱՄՅԱԿ» և «ՀԱՅ ԳՐՈՂ» գրառումները՝ հայերեն և անգլերեն:

Նամականիշի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ Վիկտորիա Պողոսյանը, Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրող, գրականագետ Ավետիք Իսահակյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Ավետիք Իսահակյանը բազմաժանր գրող է․ գրել է բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ, առակներ ու հրապարակախոսական հոդվածներ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, դրանց հիման վրա գրվել են երգեր, սիմֆոնիաներ, այլ երաժշտական գործեր: