Foto

ՀՀ և Դանիայի ԱԳ նախարարների ընդլայնված բանակցություններում քննարկվել է ԵՄ գործընկերության խորացումը

Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոկկե Ռասմուսենի առանձնազրույցը։ Հաջորդիվ նախարարների քննարկումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ ամբողջ օրակարգը՝ պայմանավորվելով ակտիվ քաղաքական երկխոսության, տնտեսական և  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում նախաձեռնությունների միջոցով նպաստել գործընկերության խորացմանը։

Արարատ Միրզոյանը և Լարս Լոկկե Ռասմուսենը քննարկել են համագործակցության ընդլայնմանն ուղղված գործնական հնարավորությունները, այդ թվում՝ գործարար կապերի, ներդրումների խթանման, նորարարությունների, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում հնարավոր կոնկրետ ծրագրերը։ Երկուստեք շեշտվել է, որ, չնայած աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանը և Դանիան մոտ են միմյանց՝ ժողովրդավարական սկզբունքների և համախոհ գործընկերությունների զարգացման հանդեպ ընդհանուր հանձնառությամբ: Նախարար Միրզոյանը կարևորել է Դանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի կողմից որդեգրված ժողովրդավարական զարգացման ճանապարհին՝ շնորհակալություն հայտնելով Դանիայի կողմից նախաձեռնված «2023–2026թթ. Նոր ժողովրդավարության հիմնադրամի» ծրագրում Հայաստանի ընդգրկման համար։

Նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները՝ հաշվի առնելով նաև ԵՄ խորհրդում Դանիայի ընթացիկ նախագահությունը: Արարատ Միրզոյանը շնորհավորել է դանիացի գործընկերոջը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հաջող կազմակերպման կապակցությամբ՝ բարձր գնահատելով դանիացի գործընկերների կողմից արտահայտված՝ Երևանում առաջիկա ԵՔՀ գագաթնաժողովի անցկացման նախապատրաստման շրջանակներում փորձի փոխանակման և համագործակցության պատրաստակամությունը:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է Հայաստան–Նորդիկ-բալթյան երկրներ (NB8) ձևաչափով համագործակցության զարգացման ակտիվ դինամիկան:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության համատեքստում անդրադարձ է կատարվել կապուղիների ապաշրջափակման հնարավորություններին, որոնց արդյունավետ իրացումը կնպաստի նաև Եվրոպա-Կենտրոնական Ասիա հաղորդակցությունների ցանցի ընդլայնմանը: