Foto

Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի աշխատանքային պայմանագիրս երկարաձգվել է․ Մովսիսյան

Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը գրել է․

«Այսօր լրացավ 5-րդ տարին և ավարտվեց Հանրայինի տնօրենի աշխատանքային պայմանագրիս ժամկետը։

Այս տարիների ընթացքում արվածից առանձնացրել եմ մի քանի կարևոր կետ.

▪️Հանրայինը դարձավ հեռուստաընտանիք. արդեն գործող Առաջին ալիքին և Առաջինի միջազգային ալիքին ավելացան`

▪️ Առաջինի լրատվական ալիքը

▪️ Առաջին ալիք Ամերիկան

▪️ Նոր ալիքը

Առաջին ալիքում հաղորդումների քանակը կրկնապատկվեց՝ նույն բյուջեով, իսկ վարկանիշը զգալիորեն բարձրացավ։

Գործարկվեց 1TV Armenia հավելվածը, որով Հանրայինի ալիքների հեռարձակումը հասանելի է աշխարհի ցանկացած կետից։

2022-ին Հայաստանը հյուրընկալեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը՝ պատմության մեջ ամենամասշտաբայինն ու դիտարժանը։

Ստեղծվեց «Ֆեստիվառ» մարզային երաժշտական-զբոսաշրջային փառատոնը, որն արդեն անցկացվել է 9 մարզում՝ 160,000-ից ավելի մասնակիցներով։

2021-ին հիմնադրվեց Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան, որն ունի ավելի քան 250 շրջանավարտ, նրանցից 56-ն այսօր աշխատում են Հանրայինում։

Վերջին հինգ տարում վերանորոգվել, վերակառուցվել և կառուցվել է շուրջ 12,000 քմ տարածք։

Ձեռք է բերվել շուրջ 2 մլրդ դրամի տեխնիկա։

Շարունակվում է Հանրային հեռուստաընկերության նոր մասնաշենքի կառուցումը, որը շահագործման կհանձնվի հաջորդ տարի՝ Հանրայինի 70-ամյակին։

Հաշվի առնելով ընթացիկ և ապագա ծրագրերը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի երեկվա որոշմամբ տնօրենի աշխատանքային պայմանագիրս երկարաձգվել է ևս երկու տարով։

Աշխատանքը շարունակվում է»։