Ինչպես հայտնի է, մեր կողմը բազմիցս լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության գործունեության կապակցությամբ, որը հակասում է ձեռք բերված նախնական համաձայնություններին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն:
«Ի հեճուկս այդ առաքելության հայտարարած նպատակների՝ նպաստել տարածաշրջանային կայունությանը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդմանը, առաքելությունը լայնորեն օգտագործվել է որպես Ադրբեջանի դեմ քարոզչության գործիք:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ադրբեջանա-հայկական սահմանին երրորդ կողմերի ուժերի չտեղակայումը մեր կողմից առաջ է քաշվել որպես խաղաղության համաձայնագրի առանցքային դրույթներից մեկը և արդյունքում ընդունվել։
Երրորդ կողմի ուժեր ասելով մեր երկիրը նկատի ունի նաև Եվրոպական միության առաքելությունը, և մեր դիրքորոշումն այդ ուղղությամբ հայտնի է Հայաստանին որպես առաքելությունը ընդունող կողմ:
Հուսով ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը կկատարի այդ պայմանավորվածության շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները»:









