Ռուսական ցորենով բեռնված 15 վագոններն առաջիկա ժամերին Ադրբեջանից կհասնեն Վրաստան, այնտեղից էլ կգան Հայաստան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
«Հացահատիկն արդեն ճանապարհին է, և շատ շուտով այն կլինի Հայաստանի տարածքում»,-նշեց Մելնիկովը։
Նրա խոսքով՝ սա շատ կարևոր իրադարձություն է, փաստացի նոր պատմություն երկաթուղու համար։
«Ղազախական հացահատիկն այսօր Ռուսաստանից կհասնի Ադրբեջան, և արդեն առաջիկա օրերին կլինի Հայաստանում։ Սա շատ կարևոր իրադարձություն է, այդ թվում՝ այն փաստը, որ այժմ հնարավոր է բեռներ հասցնել Հայաստան Ղազախստանից, այլ երկրներից և Ռուսաստանից»,-նշեց նա։
Նա վստահություն հայտնեց, որ երթուղին անկասկած պահանջված կլինի, և երկաթուղով բազմաթիվ բեռներ կհասցվեն Հայաստան։









