Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առթիվ։
«Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների և հոգևորականաց դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ գահակալության 26-ամյակի առթիվ:
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում տարիներ առաջ Դուք ստանձնեցիք Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աթոռի գահակալությունը և, որպես Հայոց 132-րդ Հայրապետ, շարունակեցիք մեր նախնյաց տիրավանդ առաքելությունը. ամուր և հաստատ պահել քրիստոնեական հավատքն ու մեր բեթղեհեմյան մսուրը՝ հայոց դարավոր ու հավերժասնունդ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: «Եկեղեցին սոսկ քարեղեն կառույց չէ, այլ հոգևոր ու բարոյական արժեքների գանձարան…» (Գարեգին Բ Կաթողիկոս):
Վեհափա՛ռ Տեր,
Աղոթում ենք առ Աստված, որ Բարեգութ Տերը երկար և քաջառողջ տարիներ պարգևի Ձերդ Սրբությանը: Թող Բարձրյալն Աստված Իր Աջով զորակից լինի լուսավորչակնիք Հայոց Սուրբ Եկեղեցուն՝ ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի: Ամեն»,- ասվում է ուղերձում։
                
                                








