«Ակնհայտ է, որ Եվրախորհրդարանը «Եվրանեսթ» հարթակը վերածել է հարևան երկրներին շանտաժի ենթարկելու գործիքի՝ ստիպելով նրանց պարտադրել իրենց նեղ քաղաքական օրակարգը։ Հաշվի առնելով Եվրամիությունում այս ուժերի թշնամական մոտեցումները՝ Վրաստանի մշտական խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի «Եվրանեսթ»-ի ապագա նիստերին», - Ֆեյսբուքում գրել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուշվիլին, փոխանցում է «Գրուզիա օնլայնը»
Պապուաշվիլին նաև կոչ է արել Եվրախորհրդարանին «հրաժարվել իր նեղ քաղաքական օրակարգից և հարգել կանոնների վրա հիմնված միջազգային կարգը»։
«Հանրությանը հայտնի է, որ Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովը, որի աշխատանքներին Վրաստանի խորհրդարանի մշտական պատվիրակությունը չի մասնակցել,ընդունել է մի քանի բանաձև։ Ավանդույթի համաձայն,նշված փաստաթղթերում պետք է ներկայացվեին Արևելյան գործընկերության նախաձեռնության հետագա զարգացման, ինչպես նաև անդամ երկրների միջև երկխոսության և գործընկերությանը աջակցելու վերաբերյալ հայացքները։
Որոշ եվրոպացի խորհրդարանականներ, որոնք հայտնի են Վրաստանի նկատմամբ իրենց թշնամական, անարդար և քաղաքականապես կանխակալ դիրքորոշումներով, բանաձևերի տեքստերում ավելացրել են այնպիսի գրառումներ, որոնք բացարձակապես անընդունելի և վրդովեցուցիչ են վրացական հանրության համար։ Մասնավորապես, բանաձևերից մեկը Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կոչում է «կեղծված», իսկ ժողովրդի կողմից ընտրված իշխանություններին՝ «ինքնահռչակ»։
Այն նաև ոստիկանական և պետական ինստիտուտների վրա հարձակումներ իրականացրած այն անձանց, որոնց նկատմամբ դատարանն արդեն կայացրել է մեղադրական դատավճիռներ, անվանում է «քաղբանտարկյալներ», ինչով ամբողջությամբ անտեսում է օրենքի գերակայության չափանիշները։
Ակնհայտ է, որ Եվրոպական խորհրդարանը Եվրանեսթի հարթակը վերածել է հարևան երկրներին շանտաժի ենթարկելու, իր նեղ քաղաքական օրակարգը պարտադրելու գործիքի։ Հաշվի առնելով Եվրոպական միության այդ ուժերի կողմից դրսևորվող թշնամական մոտեցումները՝ Վրաստանի խորհրդարանի մշտական պատվիրակությունն այլևս չի մասնակցի Եվրանեսթի հետագա նիստերին։
Մենք հերթական անգամ կոչ ենք անում Եվրոպական խորհրդարանին հրաժարվել նեղ քաղաքական օրակարգից և հարգել կանոնների վրա հիմնված միջազգային կարգը։ Նրա ներկայիս հակադեմոկրատական մոտեցումները ուղիղ ճանապարհ են դեպի Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի ինքնամեկուսացումը և մարգինալացումը։
Վրաստանը մշտապես կառուցողական,արդյունավետ և զգալի ներդրում է ունեցել Արևելյան գործընկերության նախաձեռնությունում։ Եվրոպական խորհրդարանի կողմից կառուցողական երկխոսության համար համապատասխան պայմաններ ստեղծվելու դեպքում Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը պատրաստ կլինի կրկին ներգրավվել այդ խորհրդարանական հարթակի աշխատանքներին», - գրում է Պապուաշվիլին։
Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանում տեղի ունեցավ Եվրանեսթի լիագումար նիստը, որին Վրաստանը հրաժարվել է մասնակցել։









