Դժվար է Բրյուսելից օբյեկտիվ և դրական գնահատականներ ակնկալել, քանի որ ինտեգրման հարցը Եվրամիության քաղաքական գործիք է, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին՝ Եվրահանձնաժողովի ընդլայնման վերաբերյալ զեկույցի մասին խոսելիս, որի հրապարակումը նախատեսված է նոյեմբերի 9-ին՝ Report-ի փոխանցմամբ:
«Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ եվրաինտեգրման հետ կապված բոլոր հարցերը Բրյուսելի կողմից շահագործվում և գործիքավորվում են քաղաքական նպատակներով: Ես չեմ բացառում, որ այս զեկույցը նույնպես կդառնա դրա ինչ-որ մի գործիք», - ասել է նա:
Բոչորիշվիլիի խոսքով՝ Բրյուսելն ավելի քիչ է հակված օբյեկտիվորեն գնահատել Վրաստանում տեղի ունեցող գործընթացները, ուստի զեկույցում դրական գնահատականներ չի սպասում։
Արտգործնախարարը հավելել է, որ Վրաստանը բարեխղճորեն կատարում է իր միջազգային պարտավորությունները և ԵՄ-ից շնորհակալական նամակ է ստացել կատարված աշխատանքի համար:
Աղբյուրը՝ tert.am









