Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ծափաթաղ գյուղում հոկտեմբերի 27-ին ժամը 16-ի սահմաններում անհետացած երեքամյա Տիգրան Օվանեսովի որոնումներն ընթացել են գյուղի ողջ տարածքով, պետական մարմինների ու բնակչության լայն ներգրավվածությամբ։ Երեկ երեկոյան, գիշերն ու այժմ էլ շարունակվում են որոնումները, սակայն առայժմ երեխան չի հայտնաբերվել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը, երեխան դրսում խաղալիս է եղել իր 5 տարեկան եղբոր հետ ու անհետացել է առայժմ անհասկանալի պայմաններում։ Նա Ծափաթաղի բնակիչներ Արմեն Օվանեսովի և Փառանձեմ Վաթյանի ընտանիքի հինգերորդ երեխան է, նրանց տանը հինգ անչափահաս երեխա կա։
«Որոնողական աշխատանքներն իրականացվել են մարդկային ու մասնագիտական մեծ ներգրավվածությամբ։ Երեխայի անհետանալու հենց առաջին պահից մեր ահազանգին արձագանքել են պետական մարմինները՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն, Ոստիկանություն, Ազգային անվտանգություն, Պարեկային ծառայություն։ Ողջ գիշերվա ընթացքում գյուղում են եղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, հիմա էլ որոնողական աշխատանքներին մասնակցում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Ճամբարակի համայնքապետարանի ներկայացուցիչները։ Գործի են դրվել դրոններ, բերվել են վարժեցրած շներ, որոնումներն ընթացել են գյուղի տարածքներով ու տներով մեկ, շրջակայքում, առանց դադարի, դրանք հիմա էլ շարունակվում են, սակայն առայժմ որևէ դրական արդյունքի չենք հասնում։ Որոնողական աշխատանքներում ներգրավվել են նաև հարևան Արտանիշ գյուղի բնակիչները։ Ոչ միայն կորած երեխայի ծնողները, այլ ողջ գյուղն է հայտնվել հոգեբանական ծանր ապրումների մեջ»,-ներկայացրեց Դավիթ Գզողյանը։









