Կանխակալ եւ ընտրովի արդարադատություն։ Երկակի ստանդարտների եւս մեկ դրսեւորում։ Այս մասին գրել է սահմանադրական իրավունքի մասնագետ, «Պառլամենտարիզմի զարգացման կենտրոն» ՀԿ ղեկավար Գոհար Մելոյանը։
Նա մանրամասնում է՝ որևէ միջազգային կազմակերպության կամ այլ պետության հետ դաշինք կամ միություն կազմելու կոչը ՉԻ կարող համարվել հանցագործություն։
«Եթե Ռուսաստանի հետ միություն կազմելու վերաբերյալ կոչը կամ առաջարկը քննչական մարմնի կողմից որակվում է որպես ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու կոչ և Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ՝ «Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը» վերտառությամբ հոդվածով, ապա նույն տրամաբանությամբ Եվրոպական միությանը միանալու վերաբերյալ ցանկացած կոչ կամ այդ ուղղությամբ ընդունվող նորմատիվ իրավական ակտ, այդ թվում՝ «Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պետք է արժանանա նույն իրավական գնահատականին՝ քրեաիրավական մեղադրանքին։
Ակնհայտ է, եթե Հայաստանը դառնա Եվրոպական միության անդամ, ապա տեղի է ունենալու ինքնիշխանության որոշակի փոխանցում կամ սահմանափակում՝ ի օգուտ Եվրոպական միության կառույցների։
Ավելին,
այս «իրավամտածողությամբ» հանցագործություն էր Եվրոպայի խորհրդի անդամ դառնալը, որովհետև Հայաստանը ստանձնեց պարտականություն ճանաչելու Եվրոպական դատարանի իրավասությունը՝ սահմանափակելով իր ինքնիշխանությունը։
Կամ հանցագործություն էր Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելը, որովհետև Հայաստանը ստանձնեց Միջազգային քրեական դատարանի իրավազորությունն իր տարածքում կատարվող հանցագործությունների մասով։
Հետևաբար, որևէ միջազգային կազմակերպության կամ այլ պետության հետ դաշինք կամ միություն կազմելու կոչը չի կարող համարվել քրեական հանցագործություն, քանի որ ցանկացած միության, դաշինքի, կազմակերպության անդամակցելը և հաճախ միջազգային պայմանագիր վավերացնելը ենթադրում է ինքնիշխանության որոշակի զիջում։
Սակայն, երբ իրավապահ մարմինները քրեական օրենսգիրքն օգտագործում են միակողմանիորեն՝ այն կիրառելով միայն իշխանության քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, պարզ է դառնում, որ այդ գործողությունների հիմքում ոչ թե օրենքի և իրավունքի գերակայությունն է, այլ՝ քաղաքական հաշվեհարդարի շարժառիթը»։









