Foto

Ներկայացվեց Միսաք Մանուշյանին նվիրված պատկերագրքի հայերեն տարբերակը՝ «ՌեԱ» 17-րդ միջազգային փառատոնի շրջանակում

    «ՌեԱ» 17-րդ միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 21-ին ՆՓԱԿ-ում բացվեց պատկերապատման ազգային 3-րդ մրցույթի ցուցահանդեսը: ReA Comics-ի բացման ընթացքում արվեստասերներին ներկայացվեց Ժան-Դավիդ Մորվանի և Թովմաս Չերքեզյանի «Միսաքը, Մելինեն և Մանուշյան խմբավորումը» պատկերապատված վեպի հայերեն թարգմանությունը։



undefined



«1,5 տարի առաջ լույս տեսավ ֆրանսերեն տարբերակը, մենք անմիջապես ձեռք բերեցինք այն հայերեն թարգմանելու իրավունքը։ Ցանկանում էինք հրատարակել նախորդ տարի, բայց այս տարի հաջողվեց ներկայացնել, իսկ այս տարին մանուշյանական է։ «ՌեԱ»-ի շրջանակում անցկացվող պատկերապատման ազգային մրցույթի լավագույն երեք նախագծերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տրամադրում ենք ֆինանսական աջակցության, որի միջոցով մասնագետները զարգացնում են իրենց ծրագրերը։ Նախարարության աձակցությամբ՝ այս տարի իրականացրինք մեկ այլ երազանք ու հրատարակեցինք 2024թ. «ReA Comics» պատկերապատման ազգային մրցույթի գլխավոր մրցանակի հաղթողի պատկերագիրքը։ Խոսքը Լենա Դերունցի «Մխիթարանք» պատկերագրքի մասին է»,-ասաց փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին։


«Միսաքը, Մելինեն և Մանուշյան խմբավորումը» պատկերապատումն իրականություն դարձնելու համար աջակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանությունը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, Amundi-Acba Asset Management-ը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

«ՌեԱ»-ի շրջանակում կներկայացվեն նաև hայկական ծագումով անվանի պատկերապատող Շառլ Բերբերյանի «Արևելյան դաստիարակություն» գրաֆիկական վեպի հայերեն թարգմանությունը, Ֆերմին Սոլիսի «Բունյուելը կրիաների լաբիրինթոսում» և Լորենցո Մատոտտիի «Կրակներ» և «Շշունջ» գրքերը։

undefined

Միջոցառմանը ներկա գտնվեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նրա խոսքով՝ Հայաստանում մշակութային կյանքն ու մշակութային ձևերը պետք է բազմազան լինեն։

«Մենք պետք է գտնենք կարևոր գաղափարները հանրության հետ հաղորդակցելու հնարավորությունը։ Ուրախ եմ, որ այս փառատոնի շրջանակում մենք ունենք հնարավորություն պատկերապատման այս ծրագիրն իրականացնելու, որին տարբեր կառույցներ ու մարդիկ են միացել։ Միջազգային ներգրավվածությամբ ժյուրիի պրոֆեսիոնալ աշխատանքն էլ ակնհայտ է, և մրցույթը  երիտասարդների համար դառնում է կյանքի ճանապարհ»,-ասաց նախարարը։

 

   Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալԴանիել Դանիելյանը, Հայաստանում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էրիկ դը Մենքը,  Հայաստանում Իսպանիայի թագավորության գրասենյակի գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Ֆերնանդո Մարիա Խիրոն Պասկուալը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի գծով խորհրդական պարոն Խավիեր Ռիչըրդը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար տիկին Զարուհի Ազնաուրյանը, «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ» ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ՍՊԸ գլխավոր պարոն Հովիկ Մազեջյանը։

 

  Հիշեցնենք, որ «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, իսկ գլխավոր աջակիցը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Փառատոնին աջակցում են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, ՅՈւՆԻՔ Եվրամիության ազգային մշակութային կազմակերպությունների հայաստանյան կլաաստերը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում Իսպանիայի թագավորության գրասենյակը, Երևանի Գյոթե ինստիտուտը։