Foto

Մենք պետք է ցուցադրենք մեր առավելագույնը՝ հաջողություն ապահովելու համար. «Նոայի» գլխավոր մարզիչ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026 մրցաշրջանի լիգայի փուլի երկրորդ տուրում, ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովան» կհյուրընկալի Հայաստանի չեմպիոն «Նոային»:

Երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը նախախաղային ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին։

- Ինչպե՞ս կգնահատեք մրցակցին և ի՞նչ ուժեղ կողմեր կառանձնացնեք։

««Կրայովան» լավ թիմ է՝ որոշ բարձրակարգ ֆուտբոլիստներով։ Նրանք լավ մրցաշրջան են անցկացնում։ Չեմ ուզում առանձնացնել առանձին խաղացողների, քանի որ կարծում եմ՝ բոլոր խաղացողները յուրահատուկ են։ Սակայն նույնը կարելի է ասել նաև մեր մասին։ Մենք մրցաշրջանը սկսեցինք տնային հաղթանակով և ցանկանում ենք նույն կերպ շարունակել արտագնա խաղերում։ Շատ ուրախ ենք, որ ունենք այս մակարդակի վրա խաղալու հնարավորություն․ մենք ոգևորված ենք առաջիկա հանդիպմամբ և վստահ ենք, որ մեր ցուցադրած խաղը կուրախացնի մեր երկրպագուներին»։

- «Ունիվերսիտատեայի» գլխավոր մարզիչը նշեց, որ դիտել է «Նոայի» 16 խաղ։ Իսկ դուք քանիսն եք դիտել և ինչո՞վ կարող եք զարմացնել մրցակցին։

«Նրանց գլխավոր մարզիչը, հավանաբար, ավելի շատ ազատ ժամանակ ունի, քան ես։ Մենք պատրաստվել ենք առաջիկա խաղի համար՝ հիմնվելով նրանց վերջին 7–8 հանդիպումների վրա։ Համոզված եմ, որ լիարժեք պատկերացում ունենք նրանց հնարավորությունների մասին և վստահ եմ մեր թիմի վրա։ Չեմ ցանկանում բացել բոլոր խաղաքարտերը։ Կարող եմ ասել միայն, որ «Ունիվերսիտատեան» լավ թիմ է․ նրանք մի քանի ֆանտաստիկ խաղեր են անցկացրել ընթացիկ մրցաշրջանում։ Խաղում են այնպիսի սխեմայով, որը հազվադեպ է հանդիպում եվրոպական ֆուտբոլում՝ երեք կենտրոնական պաշտպան, երկու շատ հարձակվողական եզրային պաշտպան, երեք ուժեղ հենակետային և երկու հզոր հարձակվող։ Մենք պետք է ցուցադրենք մեր առավելագույնը՝ հաջողություն ապահովելու համար»։

- Ի՞նչ կասեք նորեկ Սեյնտինիի մասին։ Ինչպե՞ս է նա ադապտացվել, և կարո՞ղ է փոխարինել Գոնսալո Սիլվային այնպես, ինչպես դուք եք պատկերացնում։

«Նա շատ լավ է հարմարվել, խաղում է հիանալի և հրաշալի մարդ է։ Մինչ այժմ ես լիովին գոհ եմ նրա խաղից, բայց ֆուտբոլում դա պետք է ապացուցել յուրաքանչյուր խաղում։ «Կրայովայի» դեմ հանդիպումը ևս մեկ հնարավորություն է նրա համար՝ հաստատելու իր տեղը մեկնարկային կազմում։ Նա չի եկել Գոնսալո Սիլվային փոխարինելու․ մեզ համար կարևոր են բոլոր ֆուտբոլիստները»։

-Կարո՞ղ է այս խաղը որոշիչ լինել փլեյ-օֆֆի ուղեգրի համար։

«Այո, ճիշտ եք․ յուրաքանչյուր խաղ ունի մեծ նշանակություն։ Կարևոր է ոչ միայն երեք միավոր վաստակելը, այլև գոլերի տարբերությունը։ Անցած մրցաշրջանում տեսանք, որ շատ թիմեր չկարողացան առաջ անցնել փլեյ-օֆֆ՝ հենց գոլերի տարբերության պատճառով։ Յուրաքանչյուր մանրուք կարևոր է։ Հուսով եմ, որ այստեղից ինչ-որ բան կկարողանանք տանել մեզ հետ»։

-Ի՞նչն է լինելու արդյունքը որոշող ամենակարևոր գործոնը խաղում, և ի՞նչ ֆիզիկական ու հոգեբանական վիճակում է թիմը։

«Բոլոր ֆուտբոլիստները լիովին պատրաստ են։ Նրանք շատ մոտիվացված են և անհամբեր սպասում են խաղին։ Դժվար հարց է իրականում, քանի որ ֆուտբոլում ամեն մանրուք կարևոր է։ Մենք ցանկանում ենք վերահսկել խաղի ընթացքը ամբողջ 90 րոպեների ընթացքում։ Ցանկանում ենք կենտրոնացած մնալ մեր խաղի վրա՝ թե պաշտպանությունում, թե հարձակման գծում»։

- Վերջին հինգ խաղերում «Նոան» խփել է հինգ գոլ, որոնցից երեքը՝ ստանդարտ իրավիճակներից։ Արդյո՞ք սա համարում եք խնդիր, և ինչպե՞ս եք պատրաստվում լուծել այն, եթե այդպես եք համարում։

«Ստանդարտները ֆուտբոլի շատ կարևոր մասն են, և մենք մեր մարզումների ժամանակ շատ ժամանակ ենք հատկացնում դրան։ Բայց համաձայն եմ, որ վերջին խաղերում եզրափակիչ փուլում խնդիրներ կային։ Կարծում եմ՝ այս խնդիրը կարելի է լուծել աշխատասիրությամբ և նվիրվածությամբ։ Մենք բավարար հնարավորություններ ենք ստեղծել, պարզապես երբեմն ճշգրտությունն է պակասել։ Դա երբեմն պատահում է՝ երբ ամեն ինչ անում ես ճիշտ, բայց գնդակը չի մտնում դարպասը»։

- Ի՞նչ է Տակուտո Օշիման ասել ձեզ «Ունիվերսիտատեա Կրայովայի» մասին։

«Ոչինչ չի ասել։ Ինքը հենց նոր ասաց, որ չի ցանկացել բացահայտել նախկին ակումբի գաղտնիքները։ Ես համաձայն եմ նրա հետ»։

- Հաստատեք կամ հերքեք․ «Նոան» ունի մեծ ֆինանսական հնարավորություններ, և Օշիմային առաջարկվել է կրկնակի բարձր աշխատավարձ։

«Ես չեմ կարող բացահայտել այդ մանրամասները։ Ես միայն գլխավոր մարզիչն եմ․ դա սպորտային տնօրենի գործն է»։

- Փորձե՞լ եք տեղեկատվություն ստանալ մրցակցի մասին «Դինամո Բուխարեստի» մարզիչ Ժելկո Կոպիչից, որի հետ նախկինում աշխատել եք։

«Իհարկե ոչ։ Մենք պատրաստվել ենք այս խաղին այնպես, ինչպես մյուսներին։ Այս օրերին կան բազմաթիվ եղանակներ՝ ուսումնասիրելու մրցակցին․ այլ մարզիչներից տեղեկություն ստանալու անհրաժեշտություն չկա»,- ասել է Պերկովիչը։

«Ունիվերսիտատեա Կրայովա» - «Նոա» հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։