ՀՀ վարչապետի աշխատակազմին մոտ 26 մլն դրամ կհատկացվի 2027 թ. Ֆրանկոֆոնիայի 10-րդ հոբելյանական խաղերը Հայաստանում հյուրընկալելու համար: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նախատեսվում է, որ 2027 թ. խաղերի շրջանակում Երևանը կհյուրընկալի մոտ 7000 հյուր՝ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրներից և կառավարություններից, այդ թվում՝ մարզիկներ, արվեստի ներկայացուցիչներ, ուղեկցող անձնակազմեր, պետական պաշտոնյաներ, ԶԼՄ ներկայացուցիչներ և այլն:
Խաղերի կազմակերպումն ու անցկացումը պատշաճ մակարդակով ապահովելու համար ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ:
Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի կառավարման կենտրոնին հատկացված «Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի նախապատրաստում և անցկացում» միջոցառումից 25 միլիոն 903 հազար դրամ վերաբաշխում կարվի, և գումարը կտրամադրվի վարչապետի աշխատակազմին: