Ազնավուր ընտանիքը և «Ազնավուր» հիմնադրամը խոր վշտով հայտնում են Շառլ Ազնավուրի սիրելի քրոջ՝ Աիդա Ազնավուր-Կառվարենցի մահվան մասին:
«Աիդան խաղաղությամբ լքեց այս աշխարհը 102 տարեկանում՝ թողնելով գեղեցիկ ապրած կյանք` լի սիրով, ուժով և ընտանիքի հանդեպ նվիրվածությամբ:
Ծնված լինելով գաղթի ճանապարհին՝ Սալոնիկում, 1923 թվականին՝ Աիդան իր եղբոր հետ կիսում էր ոչ միայն իրենց հայկական արմատներն ու փարիզյան դաստիարակությունը, այլև ողջ կյանքի ընթացքում կապված էր նրա հետ ջերմագույն սիրով:Նրանց կապն անչափ ամուր էր՝ հենված ընդհանուր պատմության, երաժշտության և մարդկանց հանդեպ անհուն սիրո վրա:
Նրանք մտերիմ մնացին իրենց ողջ կյանքի ընթացքում, և Շառլը հաճախ էր Աիդային անվանում իր կյանքի կայուն խարիսխներից մեկն ու իրենց ընտանիքի հիշողությունը:
Աիդայի կյանքը կամուրջ էր սերունդների միջև. նա փոփոխությունների, ստեղծագործականության և դիմադրության դարի վկան էր:
Աիդան իր ամբողջ կյանքն ապրեց Ազնավուրյան ընտանիքի արժեքներին հավատարիմ՝ բարությամբ, հավատարմությամբ, խոնարհությամբ և արվեստի ու մարդկության ուժի հանդեպ աներեր հավատով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից:
Ազնավուր ընտանիքի հայտարարության մեջ նշվում է, որ Աիդա Ազնավուրը կհուղարկավորվի ընտանեկան գերեզմանատանը՝ Մոնֆոր-լ’Ամորիում՝ իր ընտանիքի անդամների և ամուսնու կողքին։
«Մեր սրտերը վշտացած են, բայց լի են երախտագիտությամբ Աիդայի հետ միասին անցկացրած տարիների համար։ Նրա սերն ու ջերմությունը միշտ կմնան մեզ հետ։
Աիդայի մահվան կապակցությամբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում ոչ միայն մեր սիրելի քրոջը և հորաքրոջը, այլև անչափ արժևորում ենք արժանապատվորեն ու նվիրվածությամբ ապրած նրա կյանքը»,- ասված է հայտարարության մեջ:
Ընտանիքը ցանկանում է շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր արտահայտել են իրենց ցավակցությունները և կիսվել Աիդայի մասին ջերմ հիշողություններով։