Foto

«Հրապարակ». Սպիտակի ՔՊ-ական քաղաքապետը դարձյալ սկանդալի մեջ է հայտնվել

hraparak.am-ը գրել է․ 

Սպիտակի ՔՊ-ական համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը դարձյալ սկանդալի կենտրոնում է հայտնվել: Այս անգամ նրան մեղադրում են համայնքապետարանի միջանցքում քաղաքացուն ծեծելու համար։ Համայնքի գյուղերից մեկի՝ Քարաձորի բնակիչ Գագիկ Էմինյանը լրատվամիջոցներին պատմել է, թե ինչպես է Նիկողոսյանը հենց քաղաքապետարանի միջանցքում իրեն ծեծել, հայհոյել: Այնպես, որ նրա ձեռքից մի կերպ է դուրս պրծել։ Համայնքապետարան այցի նպատակը եղել է նրա ջրի հետ կապված խնդիրը, սակայն «արժանացել» է ՔՊ-ական ղեկավարի ծեծին ու հայհոյանքներին։

Ներքին գործերի նախարարությունից «Հրապարակ»-ին ասում են՝ փաստաթղթերը Քննչական կոմիտե են փոխանցել, իսկ Քննչական կոմիտեն, պարզվում է, դեռ ոչինչ չի արել: Մեր հարցին ի պատասխան հայտնեցին, թե նյութերը ՆԳՆ-ից ստացել են, սակայն չեն նախաձեռնել քրեական վարույթ, քանի որ մասնավոր գանգատի հարց է դա, եւ իրենք չունեն քրեական վարույթ նախաձեռնելու լիազորություն․ եթե կողմը ցանկանում է, կարող է դիմել դատարան։ Իսկ ի՞նչ պետք է ասի քաղաքացին դատարանին, որ իրեն Սպիտակի ղեկավարը ծեծել է եւ հայհոյե՞լ: Բայց չէ՞ որ սա քաղաքացիաիրավական հարաբերությունների հարց չէ, այլ՝ քրեական հանցանք, որը Քննչական կոմիտեն պարտավոր է քննել, հանգամանքները բացահայտել։ ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանն այնքան է ձուլվել իշխող կուսակցությանը, որ նրա ղեկավարած կառույցը բացառապես զբաղված է հոգեւորականների, փաստաբանների եւ ընդդիմադիրների դեմ քաղաքական հետապնդումներ իրականացնելով, իսկ ՔՊ-ականի կողմից քաղաքացուն ծեծելու դեպքով զբաղվելու ցանկություն չունեն։


Քարաձորի վարչական ղեկավար Հրանուշ Ռոստոմյանը, որը մեր զրույցի ընթացքում, պարզվեց, «ՔՊ-ականից ավելի ՔՊ-ական է», Քաջայր Նիկողոսյանին առավ իր պաշտպանության տակ: Նա մեզ ասաց` Նիկողոսյանը չէր կարող այդպիսի բան անել, սուտ է, Նիկողոսյանի պես մարդիկ ծնվում են հազար, իսկ Նիկոլ Փաշինյանի պես մարդիկ՝ 20 հազար տարին մեկ․ «Քաղաքապետն իրեն չի ծեծել, իրեն ոչինչ չի ասել, Գագիկն ասում ա՝ ոչ մի բան էլ չի եղել, ես կգնամ, ներողություն կխնդրեմ…»։


Վարչական ղեկավարը մեզ փորձում էր համոզել, որ բնակչի ասածները սուտ են, իշխանությունը լուծել է նրա տան ջրի խնդիրը․ «Գնացել ենք իրենց տուն, ասել եմ՝ Գագիկ, ես քանի՞ անգամ եմ եկել, որ քո ջուրը գալիս ա, ճի՞շտ ա, ճիշտ ա, ջուրդ կտրվել ա, բոլորիս ջուրն էլ զաբիտ ա լինում, ասել ես, ես եկել եմ, բերել եմ, մեքենա եմ վարձել, փչել են, ջուրը բացվել ա։ Ասում ա՝ ես քեզնից շատ գոհ եմ, շնորհակալ եմ, բողոք չունեմ։ Բա ընկեր Նիկողոսյանից ինչի՞ ես բողոքել, որ քո ջուրն անհատական քաշել ա, բերել հասցրել ա դուռդ, ասում ա՝ ես իրենից բողոք չունեմ, ոչ մեկից։ Ասի՝ գնա, ներողություն խնդրի, որ դու անհիմն բողոքներ ես անում, ասեց՝ հա, ճիշտ ես ասում, ջղայնացած եմ եղել, դու ինձ միշտ լավություն ես արել։ Հիմա էսօր փոշմանել ա, խելոքացել ա, շատ սիրով, էդ ի՞նչ պատահեց։ Քաղաքապետն իրեն չի ծեծել, իրեն ոչինչ չի ասել, ասում ա ինքը` ոչ մի բան էլ չի եղել, ես կգնամ, ներողություն կխնդրեմ…։ Ասի՝ դու վկա ունե՞ս, բժշկական թուղթ ունե՞ս, ասեց՝ ես կգնամ, իմ հարցերը կլուծեմ, ջղայնացած եմ եղել, արել եմ․ ես Նիկողոսյանից շատ գոհ, շնորհակալ եմ»։ Ակնհայտ է, որ խեղճ գյուղացուն ճնշել եք, ինքն էլ իր խոսքերից ետ է կանգնում։ «Խեղճ գյուղացի չի, ոչ մեկն էլ իրեն չի ճնշել։ Քաղաքապետն էնքան կիրթ, մտածված մարդ ա, որ հազար տարին մեկ նման մարդ ծնվի, նա նման բան չէր անի, որ մենք մեր աչքով էլ տենանք, չենք էլ հավատա»,- ասաց վարչական ղեկավարը։


Մինչդեռ առաջին անգամ չէ, որ Նիկողոսյանը հայտնվում է քրեական պատմության մեջ․ դեռեւս երկու տարի առաջ Քաջայր Նիկողոսյանն ու նրա որդին սկանդալի կենտրոնում էին հայտնվել համայնքի մեկ այլ գյուղում՝ Սարամեջում: Գյուղի երկու բնակիչ հաճախ էին երեւացել Սպիտակի քաղաքապետարանում, համայնքի ղեկավարին խնդրել գյուղ գալ՝ գյուղի խնդիրների, այդ թվում՝ անջուր ոռոգման սեզոնի մասին խոսելու: Դա քաղաքապետի սրտով չէր եղել։ Կանչել էր Սարամեջի վարչական ղեկավարին, թե աշխատանքից ազատվելու մի դիմում գրի, գյուղի ու համայնքապետարանի միջեւ լավ միջնորդ չես։ Սրանից գյուղը երկու մասի էր բաժանվել: Օրեր անց քաղաքապետի որդին՝ Գոռ Նիկողոսյանը, իր կողմնակիցների հետ, ուշ երեկոյան խանութ մտնելիս ծեծել էր վարչական ղեկավար Թամարա Մինասյանի ամուսնուն: Գործը մեկ տարի քննելուց հետո՝ անցած տարի քաղաքապետի որդին մեղավոր ճանաչվեց ու մեկ տարվա պայմանական ազատազրկման դատապարտվեց:


Դեպքից հետո իշխանությունները «գնահատել» էին Նիկողոսյանի որդու «հերոսությունը» եւ նրան նշանակել էին Սպիտակի «Հայփոստի» տնօրեն։