Փարիզի Լուվրի թանգարանը, որը հոկտեմբերի 19-ին դեռևս անհայտ անձանց կողմից կողոպտվել էր, հոկտեմբերի 20-ին կշարունակի փակ մնալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է France 24 հեռուստաալիքը՝ նշելով, որ ոստիկանությունը շարունակում է փնտրել գողություն կատարած խմբի անդամներին, ովքեր թանգարանի արքայական զարդերի բաժնից կարողացել են գողանալ ութ «անգին» զարդեր։
Հանցագործության հետաքննությանը մասնակցում են մոտ 60 քննիչներ։ Նշվում է, որ գողությունը, որի համար պահանջվել է ընդամենը յոթ րոպե, իրականացվել է փորձառու, հնարավոր է նաև օտարերկրյա խմբի կողմից։
Ֆրանսիական France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանեն նշել է, որ այս գողությունը երկրի համար չափազանց վատ հեղինակություն է ստեղծում, քանի որ ի ցույց է դնում սեփական թանգարանները պաշտպանելու անկարողությունը։
Սա Լուվրից գողության առաջին դեպքն է 1998 թվականից ի վեր, երբ թանգարանից առևանգվել էր Ժան Բատիստ Կամիլ Կորոյի նկարներից մեկը, որն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել։