«Մի շարք քահանաներ բերման են ենթարկվել անհասկանալի պատճառով, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը բռնի անհետացել է, այսինքն՝ հայտնվել է պաշտպանության իրավազորությունից դուրս։ Պետությունը հրաժարվում է հայտնել նրա գտնվելու վայրը, եւ այժմ փորձում ենք պարզել նրա գտնվելու վայրը։ Սրբազանի հեռախոսն անհասանելի է, ակնհայտ է, որ պետության ջանքերն ուղղված են նրան, որ թաքցնեն նրա գտնվելու վայրը։ Այս պահին անհայտ է, թե ինչ գործողություններ են իր հետ իրականացվում։ Բնականաբար, բոլոր գործողություններն ապօրինի են։ Բայց ես վստահ եմ, որ որոշակի հարկադրանք է կիրառվում, թեկուզ հոգեբանական։ Այլապես այս բռնի անհետացման իմաստը չէր լինի»,- Երեւանի քննչական վարչության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը։