Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի կարծիքով` աշխարհի առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրի Իռլանդիայի դեմ արտագնա խաղում բեկումնային եղավ Տիգրան Բարսեղյանի կարմիր քարտը:
«Կարմիր քարտը կոտրեց մեր խաղը, բայց դա իմ ֆուտբոլիստի սխալն է, ինչը նշանակում է՝ իմ սխալն է: Իմ ֆուտբոլիստների հետ կապված ինչ պատահում է, ես` որպես գլխավոր մարզիչ, ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը և ներողություն եմ խնդրում: Մեր երկրպագուն մեզնից ակնկալում էր միավորներ, իսկ մենք այս երկու հանդիպմանը չունեցանք այդ միավորները: Ներողություն եմ խնդրում: Ամեն դեպքում` հպարտ եմ իմ թիմի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Մելիքյանը:
Վերջինիս խոսքով` Իռլանդիայից կրած պարտությունը պետք է ընդունել ըստ արժանվույն ու նայել առաջ:
«Վստահ եմ, որ մենք կարող էինք հաջողության հասնել 11-ը 11-ի դեմ, բայց երբ մնացինք 10 հոգով, ես ռիսկային քայլ կատարեցի` փոխելով խաղային սխեման»,-ասել է մասնագետը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբի 4-րդ տուրի խաղում հյուրընկալվեց Իռլանդիային ու զիջեց նվազագույն հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկին մրցակցին գլխով խփելու համար ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Տիգրան Բարսեղյանը, ինչից հետո Իռլանդիայի հավաքականը կարողացավ բացել հաշիվն ու պահել այն մինչև խաղի վերջ։