Վենեսուելան արտաքին քաղաքական ծառայության մասշտաբային վերակազմակերպման առաջին փուլի շրջանակներում փակում է իր դեսպանատները Նորվեգիայում և Ավստրալիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վենեսուելայի կառավարությունը։
«Որպես ռեսուրսների ռազմավարական վերաբաշխման մաս որոշում է կայացվել Նորվեգիայի Թագավորությունում և Ավստրալիայում դեսպանատները փակելու մասին», – ասվում է հաղորդագրության մեջ, որը Վենեսուելայի արտգործնախարար Իվան Խիլը հրապարակել է իր Telegram ալիքում։
Հաղորդագրության համաձայն՝ Վենեսուելայի արտաքին ծառայության վերափոխման նպատակը պետական ռեսուրսների օպտիմալացումն է և դիվանագիտական ներկայության վերասահմանումը «Գլոբալ Հարավի հետ դաշինքներն ամրապնդելու, ժողովուրդների միջև համերաշխությունը խթանելու և փոխադարձ զարգացման նպատակով ռազմավարական բնագավառներում համագործակցելու համար»։
Ինչպես պարզաբանել է կառավարությունը, Վենեսուելայի քաղաքացիների սպասարկումը և երկկողմ կապերի զարգացումը Նորվեգիայում ու Ավստրալիայում հետագայում կապահովվեն դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով, որոնց մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ։
Միաժամանակ Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է, որ որոշել է նոր դեսպանատներ բացել Զիմբաբվեում և Բուրկինա Ֆասոյում։ Այդ ներկայացուցչությունները, նշվում է հայտարարության մեջ, հարթակ կդառնան գյուղատնտեսության, էներգետիկայի, կրթության, օգտակար հանածոների արդյունահանման և մյուս բնագավառներում համագործակցության համար։