«Փաստ» օրաթերթը գրում է.
Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բնակչության հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը։ Նախագծով սահմանվող կարգը նախատեսում է բնակչության հաշվառման միասնական սկզբունքներ՝ հստակեցնելով բնակության հիմնական և ոչ հիմնական հասցեների գրանցման, փոփոխման և վերահսկման մեխանիզմները։ Կարգը հիմնված է այն սկզբունքի վրա, որ յուրաքանչյուր անձ կարող է ունենալ միայն մեկ հիմնական հասցե, որը հանդիսանում է նրա մշտական բնակության վայրը և հիմք է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հանրային ծառայությունների մատուցման համար։
Նախագծով ներդրվում է նաև հաշվառման գործընթացի թվայնացված մոդելը՝ ապահովելով անձի ինքնուրույն տվյալների մուտքագրումը տեղեկատվական մուտքի հարթակի միջոցով։ Այս լուծումը հնարավորություն է տալիս քաղաքացիներին իրականացնել իրենց հաշվառման գործողություններն առցանց՝ առանց վարչական բարդ ընթացակարգերի։
Կարգի կարևոր նորույթներից է այն, որ անձը հաշվառվում է իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ տվյալ գույքի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից։ Այս դրույթը նպատակ ունի բացառել այն դեպքերը, երբ սեփականատերերի կամ երրորդ անձանց անհիմն անհամաձայնությունը դառնում է խոչընդոտ անձի հաշվառման և փաստացի բնակության իրավունքի իրացման համար։
Բնակչության հաշվառման կարգը նաև սահմանում է հստակ պարտավորություն անձանց համար՝ իրենց բնակության վայրի փոփոխության դեպքում յոթ աշխատանքային օրվա ընթացքում թարմացնել հասցեն տեղեկատվական հարթակում։
Նախագծով առանձին կարգավորում է տրված նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս 183 օրից ավելի բնակվող և հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի քաղաքացիների հաշվառմանը։ Այս դրույթը թույլ է տալիս արտերկրում մշտապես բնակվող քաղաքացիների տվյալները ներառել բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանում՝ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով, ապահովելով տվյալների փոխգործունակություն և ամբողջականություն։ Կարգը նաև սահմանում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի պարտականությունը՝ պարբերաբար իրականացնել հաշվառման տվյալների վերահսկում և համապատասխանության ստուգում՝ ուղղելով սխալ կամ կրկնվող գրառումները, ինչպես նաև ծանուցելով քաղաքացիներին՝ անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու համար։
Բնակչության հաշվառման կարգը սերտորեն կապված է հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) կարգավիճակի համակարգի ներդրման հետ։ Ըստ նախագծի՝ այն անձինք, ովքեր չունեն մշտական բնակության վայր և չեն կատարում իրենց հաշվառման պարտականությունը, կստանան պասիվ կարգավիճակ։ Այս դրույթը ծառայում է երկու նպատակի՝ մի կողմից ապահովում է ռեգիստրի տվյալների ճշգրտությունը, մյուս կողմից կանխում է պետական ծառայությունների մատուցումը այն անձանց, ովքեր փաստացի դուրս են Հայաստանի բնակչության հիմնական կազմից։