Foto

Հայաստանը սեփական ապագան պետք է կառուցի ասֆալտի՞, թե՞ ռազմավարական ենթակառուցվածքների վրա

Ըստ ՀՀ կառավարության կողմից 2026թ․ համար ներկայացված պետական բյուջեի նախագծի, եթե հայացք նետենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջետային հատկացումներին, ակնհայտորեն պարզ է դառնում, որ ընտրական տարում «ասֆալտի» պակաս չի լինելու։ Այս մասին գրում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

«Թվերը ավելի քան խոսուն են, մասնավորապես․ 2025թ․ բյուջետային հատկացումների համեմատ (289.15 մլրդ դրամ), ՀՀ ՏԿԵ նախարարության 2026թ․ բյուջեն նախատեսում է 325.09 մլրդ դրամ հատկացումներ, այսինքն՝ աճը շուրջ 35.9 մլրդ դրամ է կազմում, կամ՝ 12.4%։

Առաջին հայացքից սա դրական տեղաշարժ է, քանի որ ավելանում են կապիտալ ծախսերը։ Բայց եթե խորանանք կառուցվածքի մեջ, պարզ է դառնում, որ շեշտը դրված է ոչ թե երկարաժամկետ ռազմավարական ենթակառուցվածքների, այլ արագ «տեսանելի» ծրագրերի վրա։

2026թ․ բյուջեում ավելի քան 100 մլրդ դրամ նախատեսված է ուղղել ճանապարհաշինության և նորոգման ծրագրերին։

Մասնավորապես․

  • Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգում – 49 մլրդ դրամ
  • Միջին նորոգում – 5.09 մլրդ դրամ
  • Քաջարան–Ագարակ հատված – 26.4 մլրդ դրամ
  • Քաջարանի թունել և մոտեցումներ – 10.4 մլրդ դրամ
  • Սիսիան–Քաջարան հատված – ավելի քան 13 մլրդ դրամ

Իսկ մյուս ենթակառուցվածքների բաժինը շատ ավելի փոքր է․

  • Քաղաքային ենթակառուցվածքներ – 16.6 մլրդ դրամ
  • Ջրամատակարարում և ջրահեռացում – 9.9 մլրդ դրամ
  • Էներգետիկ համակարգի զարգացում – 2.8 մլրդ դրամ

Ակնհայտ է, որ շեշտը դրվում է ճանապարհների ընթացիկ վերանորոգման և ասֆալտապատման վրա։ Պատճառն էլ պարզ է․ 2026-ը ընտրությունների տարի է։ Ասֆալտը և ճանապարհների ընթացիկ ու կարկատանային նորոգումները հանրությանը մատուցվող «արագ արդյունք» են՝ կտրուկ երևացող փոփոխություն, որը կարելի է ներկայացնել որպես հաջողություն։

Իսկ ռազմավարական ենթակառուցվածքները՝ ջրամբարները, էներգետիկ նոր հզորությունները, տեխնոլոգիական ու ինժեներական նախագծերը, որոնք պահանջում են տարիներ, մնում են երկրորդ պլանում։

Այսպիսով, 2026թ․ ՏԿԵ նախարարության բյուջեն թվերով աճել է, բայց բովանդակությամբ այն ընտրական բյուջե է՝ շեշտը դրված է ասֆալտի և կարճաժամկետ «տեսանելի» ծրագրերի վրա։

Հայաստանը սեփական ապագան պետք է կառուցի ասֆալտի՞, թե՞ ռազմավարական ենթակառուցվածքների վրա»։