Ադրբեջանի կողմից Նախիջևանում, Արցախում և այլ վայրերում հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ և համակարգված ոչնչացումը վաղուց արդեն հաստատված է բազմաթիվ անառարկելի փաստերով։ Այս քաղաքականության մասին բազմիցս գրվել ու խոսվել է տարբեր հարթակներում։
ԱՄՆ Օհայոյի պետական համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետի հետազոտող Լորի Ժորժն Ադրբեջանի այս քաղաքականությունը դիտարկել է նոր լույսի ներքո՝ նշելով, որ դեռ ԽՍՀՄ գոյության վաղ շրջանից դրա հիմնական նպատակներից մեկն ազգակերտման գործընթացի շրջանակում ադրբեջանցիների մոտ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կապվածություն առաջացնելն էր։ Հոդվածը լույս է տեսել Nationalities Papers հեղինակավոր գիտական ամսագրում։ Վերնագիրն է՝ «Գիտելիք, որ հնարավոր չէ իմանալ․ Ադրբեջանի կապվածության կառուցումը Լեռնային Ղարաբաղի հետ»։
Հոդվածում ներկայացվում է, թե ինչպես են ջնջման ու մոռացության մատնելու մեխանիզմներն օգտագործվել ադրբեջանցիների շրջանում տարածքի նկատմամբ կապվածություն ձևավորելու համար։
Գիտական գրականության մեջ նման երևույթը սահմանվում է «կառուցվածքային անգիտություն» եզրույթով։ Անգիտության այս տեսակը ոչ թե գիտելիքի բացակայությունն է որևէ հարցի շուրջ, այլ անգիտության դիտավորյալ ձևավորումը կամ կեղծիքի միջոցով գերակա տեսակետի տարածումը։ Հեղինակը նշում է, որ պետությունները կարող են տիտղոսակիր խմբի շրջանում անգիտություն ձևավորել որևէ տարածքի խորհրդանշական կարևորության և այնտեղ բնակվող ավելի փոքր խմբի բռնաճնշման ու ջնջման մասին։ Դա նպաստում է տիտղոսակիր խմբի շրջանում տվյալ տարածքի նկատմամբ ավելի ամուր կապվածության ձևավորմանը։
Կառուցված անգիտությունը ձևավորում է ընկալումներ։ Լորի Ժորժը նշում է. «Ադրբեջանցիները սովորում են հայերին ընկալել բարբարոս, ոչ քաղաքակիրթ, արկածախնդիր՝ համարելով նրանց անընդունակ մտածելու և արդարության անարժան։ Նրանք սովորում են Լեռնային Ղարաբաղն ընկալել որպես Ադրբեջանի քաղաքակրթության օրրան, էթնիկ հայերի գործողությունները՝ մեկնաբանել որպես չարամտություն»։ Ըստ հեղինակի՝ ադրբեջանցիներին սովորեցնում են մոռացության տալ հայերի հանդեպ բռնությունները, իսկ հայկական ջարդերը՝ պիտակել որպես դավադրության տեսություն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: