Foto

Մեկնարկում է «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 20-ը կանցկացվի «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» ծրագիրը: Այն կմեկնարկի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում:

Ծրագրի շրջանակում նախատեսված Գիտության փառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ն Ազատության հրապարակում, իսկ ապակենտրոնացված միջոցառումները՝ դպրոցներում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 20-ը։

Ծրագրի իրականացմանն ընդառաջ՝ սեպտեմբերի 19-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և «Գիտուժ» նախաձեռնության հանրայնացման և հասարակության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյանը: Ներկայացվել են «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» ծրագրի հայեցակարգը, սպասվող միջոցառումները, գաղափարն ու ձևաչափը: 

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի նշմամբ՝ արդեն երկրորդ տարին կազմակերպվում է «Գիտության շաբաթ» համապետական միջոցառումը: Նախագծի հայեցակարգը և նպատակը հասարակության շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրվածության մեծացումն է. «Այդ նպատակով անհրաժեշտություն կա աշխատանք տանել տաբեր ուղղություններով՝ շեշտը դնելով նաև գիտության հանրահռչակման վրա: Այս նախագծի առանձնահատկությունն այն է, որ բացի կենտրոնացված միջոցառումներից, որոնք տեղի են ունենալու Ազատության հրապարակում, կան նաև ապակենտրոնացված միջոցառումներ, որոնցում ընդգրկված են տարբեր ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ մանկապարտեզներ: Ուսումնական հաստատությունների համար մշակված են միջոցառումների տարբեր փաթեթներ՝  նախագծեր և հետազոտություններ անելու նպատակով: Յուրաքանչյուր տարիքային խմբի համար այդ փաթեթները տարբերակված են՝ մանկապարտեզի, տարրական դպրոցի, միջին և ավագ դպրոցների սովորողների համար»,- նշել է Թամարա Սարգսյանը:

Վարչության պետի խոսքով՝ դպրոցներում բնագիտամաթեմատիկական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաները տարեցտարի հագեցվում են, և մինչև տարեվերջ արդեն 900 դպրոց ամբողջական լաբորատորիաներ կունենա: Սա լայն հնարավորություն է, որպեսզի այդ լաբորատորիաները, բացի ուսումնական նպատակներից, ծառայեն նաև արտադպրոցական նպատակների և առավել մեծացնեն գիտության նկատմամբ երեխաների հետաքրքրությունը:  

Թամարա Սարգսյանի տեղեկացմամբ՝ նախորդ տարի Գիտության շաբաթվա միջոցառումներին մասնակցել է 200 դպրոց. «Այս տարի թիրախավորելու ենք մինչև 400 դպրոց և մանկապարտեզ:  Նպատակն է տարեցտարի ավելացնել այդ թիվը, որպեսզի բոլոր դպրոցները մասնակցեն Գիտության շաբաթին»,- ասել է նա:

«Գիտուժ» նախաձեռնության հանրայնացման և հասարակության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյանի նշմամբ՝ «Գիտության շաբաթ» նախագիծը ստեղծվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը:

Այս տարի «Գիտության շաբաթը» ներկայանում է հագեցած ծրագրով. գլխավոր միջոցառումը կանցկացվի Ազատության հրապարակում և կտևի 6 օր:  Ծրագիրը բաժանված է 3 թեմատիկ ուղղությունների: Առաջին՝ գիտական ինստիտուտները ցույց են տալու գիտության կարևորությունը՝ կապված տարբեր ոլորտների հետ՝ բնապահպանությունից մինչև անվտանգություն: Երկրորդ հատվածում շեշտը դրվում է մասնագիտական կողմնորոշման վրա, երրորդ հատվածի հիմքում գիտաֆանտաստիկ ուղղությունն է:

«Մեր կարևոր նպատակն է երկարաժամկետ կտրվածքում ինստիտուցիոնալ ձևաչափերով և գործիքակազմով կարողանալ հասարակության ուշադրությունը սևեռել դեպի գիտությունը, որպեսզի տաղանդավոր երիտասարդները ցանկանան դառնալ գիտնականներ:

Խնդիր է դրված աշխատել հասարակության մի շարք շերտերի հետ, ներգրավել տարբեր թիրախային լսարաններ՝ երեխաներ, ուսանողներ, ծնողներ, տարեցներ: Հետևաբար, նրանց հետ պետք է աշխատել տարբեր ձևաչափերով: Հենց այդ կոնցեպտի հիմքով էլ կյանքի է կոչվում «Գիտության շաբաթ» ծրագիրը, որը հանդես է գալիս ամենատարբեր միջոցառումներով»,- ասել է  Լիլիթ Մարգարյանը:

Բանախոսներն անդրադարձել են նաև Գիտության շաբաթվա ծրագրում դպրոցների մասնակցության և կազմակերպական այլ  հարցերին: