Ջավախքից մի խումբ հավատացյալներ բաց նամակ են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի հայրենակիցներ, ինչպես բոլորիս հայտնի է, մեր պատմական հայրենիքում՝ Հայաստանի հանրապետությունում, ստեղծվել է բարդ իրավիճակ։ 44-օրյա պատերազմի հետևանքով, որտեղ մենք համոզված ենք, որ հայ զինվորը չի պարտվել, այլ պարտվել են քաղաքական գործիչները, իշխանությունները ՀՀ-ում հասարակությունը սկսեցին բաժանել «սևերի» և «սպիտակների», արցախցիների, սփյուռքահայերի և ՀՀ-ի բնակիչների, նախկինների ու ներկաների։ Հայկական հասարակության մեջ առաջացան բաժանարար գծեր։
Փոխանակ հասարակությունը միավորելու՝ պաշտոնական Երևանը հարվածեց վերջին ամուր ինստիտուտին՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որը դարեր շարունակ պահպանել է հայկական արժեքներն ու ինքնությունը։ Մենք հիշում ենք պատմությունից, որ եղել են ժամանակներ, երբ Հայաստանը կորցրել է պետականությունը, սակայն եկեղեցու շնորհիվ է պաշտպանվել հայ ժողովրդի ինքնությունը։
Ցավոք, այսօր իշխանությունները եւ որոշ շրջանակներ փորձում են հարձակումներ կազմակերպել եկեղեցու վրա՝ մեղադրելով Ամենայն հայոց կաթողիկոսին, ձերբակալելով երկու սրբազանների։ Մենք համոզված ենք, որ նման հրապարակային մեղադրանքները հարված են մեր եկեղեցու հեղինակությանը։
Ստեղծված իրավիճակից ելնելով, ինչպես նաև հիմնվելով ՀՀ օրենքների վրա, որտեղ հստակ ամրագրված է, որ քաղաքական կառույցները չեն կարող միջամտել եկեղեցու գործերին, մենք՝ Ջավախքի հոտի անունից, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը և երկրի ղեկավարությանը՝ չհալածել եկեղեցին և նրա գահակալին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։
Մենք նաև համոզված ենք, որ նույնիսկ եթե կաթողիկոսի կողմից տրված ուխտը խախտվել է, դա ամենածանր հանցանքը չէ․ շատ ավելի ծանր և աններելի է հայրենի տարածքների հանձնման փաստը»։