Որքան Փաշինյանը հաճախ, տեղին ու անտեղի է օգտագործում «լեգիտիմություն» բառը, այնքան ակնհայտ է դառնում, որ ինքն էլ է գիտակցում, որ իր քաղաքական «կուրսի» գլխավոր խնդիրը հենց լեգիտիմության պակասն է, որը վերականգնելու համար այլևս գերռեսուրսներ են անհրաժեշտ և միայն արտաքին շատ հաճախ խաբուսիկ լեգիտիմության ռեսուրսով հարցերը չեն լուծվելու, իսկ ժողովրդավարությունը որպես գործիք էստեղ այլևս ոչ թե օգնական է այլ խոչընդոտ:
Փաշինյանի լեգիտիմության խորը ճգնաժամը Հայաստանի ներկայիս քաղաքական դաշտում այլևս սոսկ ներքաղաքական բնույթի հարց չէ և այն վերածվել է ազգային անվտանգության խորքային մարտահրավերի։ Վերջին տարիների հանրային հարցումները և սոցիալական դինամիկան վկայում են, որ հանրային վստահության լեգիտիմության պաշարն իշխանության նկատմամբ հետևողականորեն նվազում է, իսկ այդ պակասը լրացնելու փորձերը նույնիսկ խոշոր ռազմավարական նախաձեռնություններով ունենում են շատ կարճաժամկետ էֆեկտ և շուտ ձախողվում են։
2018–2021 թվականների հեղափոխական վստահության շեշտակի բարձր կորը արդեն անհետացել է, չկա։ Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները դիտարկվում էին որպես լեգիտիմացման հնարավոր աղբյուր, սակայն ակնկալվող քաղաքական կապիտալի աճ տեղի չունեցավ և փոխարենը խորացավ հասարակության անվստահությունը և կասկածը, որ գործընթացները բխում են ոչ թե ազգային շահից, այլ այլընտրանքային, երբեմն էլ օտար օրակարգերից, որքան էլ իշխանությունը փորձեց մեծացնել դրա կարևորության ծավալը՝ այն երկար չտևեց:
Լեգիտիմության այս խորացող ճգնաժամն այնքան է թուլացրել իշխանության դիրքերը, որ անգամ ամենապարզ և տեխնիկական բնույթի որոշումները վերածվում են հանրային դիմադրության օջախների։ Հասարակական ընկալման մեջ ամրացել է զգացողությունը, թե կառավարության յուրաքանչյուր նոր քայլ, անկախ բովանդակությունից, ավելի շուտ սպասարկում է արտաքին կամ թշնամական շահերի, քան հանրային բարիքի տրամաբանությունը։ Այդ պատճառով խորհրդանշական քայլերը հաճախ վերածվում են լայնածավալ քաղաքական վեճերի։ Արարատ լեռան հեռացումը կնիքներից ընկալվեց ոչ թե որպես չեզոք դիզայնի փոփոխություն, այլ որպես ազգային ինքնության սրբության հանդեպ անարգանք։ Նույն տրամադրությամբ արձագանք ստացան Ծիծեռնակաբերդի «վերանորոգման» շուրջ կիսագաղտնի գործողությունները, որոնք շատերի համար դարձան մտահոգիչ ազդակ, որ սիմվոլիկ հիշողության վերաձևումը կարող է օգտագործվել քաղաքական նպատակներով։
Նման արձագանք է առաջացնում նաև կրթական համակարգում ազգային պատմական նարատիվների նոսրացման միտումը, որն ընկալվում է որպես ինքնության պատմական հիմքի թուլացում: Անվտանգային և պաշտպանական համակարգի լուռ «ապառազմականացման» ընթացքը, որն ավելի հաճախ ընկալվում է ոչ թե որպես խաղաղության արդյունք կամ միջոց, այլ անվտանգության և ինքնիշխանության զիջում։ Այս ամենին գումարվում է քաղաքական և մշակութային քաղաքականության այնպիսի նախաձեռնությունների հանդեպ հարուցած անվստահությունը, ինչպիսին են «Իրական Հայաստանի» և «գեղագիտության տեղորոշման» նախագծերը, որոնք ընկալվում են որպես հայկական ինքնության, բովանդակության, արժեքահենության, խորհրդանիշների վերաձևման փորձ և ավանդական մշակութային կոդերի վերակոդավորում։
Այս զարգացումները բացահայտում են կառավարման որակի կառուցվածքային անկումը։ Լեգիտիմության պակասի ֆոնին կառավարումը դառնում է առավելապես անձնավորված, դանդաղաշարժ և ոչ ինստիտուցիոնալ։ Մասնագիտական որոշումների փոխարեն գերակշռում են կարճաժամկետ քաղաքական հաշվարկներն ու շահերը, ինչի հետևանքով ռազմավարական պլանավորումը դառնում է անկայուն և հակված սխալների։ Ներքին թիմային կառավարման որակն ու թուլացումը ոչ միայն խորացնում է իշխանական ճգնաժամը, այլև թուլացնում է Հայաստանի բանակցային դիրքերը արտաքին դերակատարների հետ և ՔՊ -ի լեգիտիմությունը ամբողջությամբ:
Այս ամենը վերջնական հաշվով վերածվում է ազգային անվտանգության համակարգային սպառնալիքի։ Հասարակության ներսում խորացող պառակտումը և պետական որոշումների հանդեպ մերժողականությունը հարթակ են ստեղծում արտաքին դերակատարների համար՝ ներքին հակասությունները շահարկելու և երկրի քաղաքական ճկունությունը թուլացնելու նպատակով։ Օրենքների ու պետական ինստիտուտների հեղինակության անկումը բացում է դուռ քաղաքական ինքնիրավչության և հիբրիդային սպառնալիքների առաջ, իսկ թույլ ներքին լեգիտիմությունը հեշտացնում է քաղաքական, ռազմական, դիվանագիտական և տնտեսական ճնշումները դրսից, ինչն էլ ցածր լեգիտիմությամբ Փաշինյանը սպասարկում է:
Փաշինյանի ներկայիս լեգիտիմության ճգնաժամը վերածվել է ոչ միայն քաղաքական, այլև պետականության հիմքերը խոցող անվտանգության խնդրի։ Երբ հանրությունը պետական որոշումները դիտարկում է որպես օտար շահերի սպասարկում և սեփական ինքնության խորհրդանիշների նկատմամբ ոտնձգություն, կառավարումն ինքնին կորցնում է կայունության և արդյունավետության հիմքը։ Առանց լեգիտիմության վերականգնման և հանրային վստահության ինստիտուցիոնալ ամրապնդման՝ ցանկացած արտաքին կամ ներքին ռազմավարական նախաձեռնություն շարունակելու է ընկալվել ոչ թե որպես ազգային շահի դրսևորում, այլ որպես օտար ազդեցության գործիք, ինչը բազմապատկում է պետականության խոցելիությունը։
Փաշինյանի ամենամեծ խնդիրը և չլուծված հարցը, թշնամին, եթե կուզեք ոչ այլ ինչն է քան իր լեգիտիմությունը կամ ավելի ճիշտ դրա բացակայությունը: