Foto

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը և ուղեկցող պատվիրակությունը Իգդիրի Ալիջանի սահմանային անցակետով կայցելեն Հայաստան։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, հաղորդում է Ermenihaber.am-ը։ 

Քըլըչը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանի հատուկ ներկայացուցչի հետ որոշ աշխատանքներ են կատարել։ Նա մասնավորապես նշել է․«Մենք այս աշխատանքները կվերանայենք, կվերահաստատենք նախորդ աշխատանքները։ Կքննարկենք, թե ապագայում երկու երկրների, հատկապես այս տարածաշրջանի տնտեսական կյանքի համար ինչ կարելի է անել»։

Հատուկ բանագնացը նաև անդրադարձել է «Զանգեզուրի» գծի կարևորությանը և նշել․«Այս հաղորդակցության գիծը չափազանց կարևոր է։ Ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի միջև, այլև ողջ Կենտրոնական Ասիայի և թյուրքական հանրապետությունների հետ կապ հաստատելու առումով Զանգեզուրի գիծը կարևոր ուղի է»։  Ի հավելում նշել է, որ ամենամեծ ցանկությունն այն է, որ, կարճաժամկետ հեռանկարում հնարավոր լինի բացել այդ գիծը և աջակցել երկու երկրների՝ հատկապես Իգդիրի ու Կարսի տնտեսությանը։

Ըստ Քըլըչի՝ հայկական կողմը ևս դրական է վերաբերվում այս հարցերին։

Այս համատեքստում նա վկայակոչել է հայկական կողմի «Մենք պատրաստ ենք սահմանը բացել» հայտարարությունը և նշել․ «Իհարկե, նրանք էլ են դրական վերաբերում մի բանի, որը բոլորի համար շահաբեր է։ Որոշ նախագծեր կյանքի կոչելուց առաջ անհրաժեշտ է իրականացնել մի շարք տեխնիկական աշխատանքներ, իսկ մտադրությունների առումով խնդիր չունենք»։