Foto

Հունգարիան չի աջակցի Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին՝ անկախ ՌԴ-ի վերաբերմունքից․ Սիյարտո

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Բուդապեշտը չի փոխի իր դիրքորոշումը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ՝ նույնիսկ եթե Մոսկվան դրան դեմ չլինի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «eurointegration»-ը, այս մասին նա գրել է սոցիալական ցանցում։

Նա արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը, ով տարօրինակ էր համարել, որ Հունգարիան դեմ է Կիևի անդամակցությանը ԵՄ-ին, քանի որ անգամ Ռուսաստանը բացահայտ չի առարկում։

«Կրկին Զելենսկին դատում է սեփական չափանիշներով։ Ի տարբերություն նրա, Հունգարիայի դիրքորոշումը չի թելադրվում արտասահմանից։ Մեզ համար միևնույն է, թե ինչ է մտածում Մոսկվան ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության մասին»,– գրել է Սիյարտոն։

Նրա խոսքով՝ Հունգարիայի կառավարությունը առաջնորդվում է բացառապես հունգարացի ժողովրդի կարծիքով, որն, ըստ նախարարի, չի ցանկանում տեսնել Ուկրաինան ԵՄ-ում։

«Հետևաբար, անկախ նրանից, թե ինչպիսին է ՌԴ-ի դիրքորոշումը, Հունգարիան չի աջակցի Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին»,– շեշտել է Սիյարտոն։