Վերջին շաբաթներին Հայաստանի առողջապահության ոլորտում գրանցված երկու կարևոր զարգացում խիստ փոխկապակցված են թվում։ Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Հայաստանի Հանրապետությունն Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) 45.3 միլիոն եվրոյի վարկ ստացավ՝ առողջապահության ոլորտի բարեփոխումների համար։ Վարկի միջոցները նախատեսված են բժշկական հաստատությունների կառուցման և բարելավման, ծառայությունների թվայնացման, հեռաբժշկության փորձնական նախագծերի իրականացման և առողջապահական ինստիտուցիոնալ կառավարման համակարգերի ուժեղացման համար։ Վարկի մարման ժամկետը 18 տարի է, որից 7-ը՝ արտոնյալ։
Սա ուղիղ փոխկապակցված է Արսեն Թորոսյանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը ստանձնելու հետ։ Vesti.am-ը դեռ օրեր առաջ էր գրել, թե ինչո՞ւ է Փաշինյանը Թորոսյանին կրկին վերադարձնում գործադիր իշխանություն։ Պատճառն առողջապահական համապարփակ ապահովագրության ծրագրի ներդրում է, որը Թորոսյանի նախագիծն էր։
Թորոսյանը ձախողելու տարբերակ չունի և բնականաբար իրեն փող է պետք։ Նա այն նախարարներից էր, որ նշանակումից ամիսներ անց արդեն սկսեց հագնվել գերշքեղ, վարեց իրեն հարմար մեքենաներ և այլն։ Թորոսյանն ամիսների ընթացքում սկսեց գումար բերել նախարարություն և այն օգտագործել իրեն հարմար եղանակով։ Ընդ որում, իր պաշտոնավարման շրջանում մի քանի կոռուպցիոն սկանդալներ եղան՝ առողջապահության փոխնախարարի ձերբակալություն, ծննդատան տնօրենի կաշառք տալու դեպք։ Նկատենք, որ այն ժամանակ Ռազմիկ Աբրահամյանն ընդունեց մեղքը և հայտարարեց, որ իրենից կաշառք են պահանջել, ինքն էլ տվել է։ Մամուլը գրում էր, որ քանի որ կաշառքի չափը շատ է եղել՝ ծննդատան տնօրենն ինքն է համագործակցել ոստիկանների հետ։
Կորոնավիրուսի, պատվաստանյութերի և պատերազմի ֆինանսական միջոցների բաշխման և ծախսերի հետ կապված այս պահին դատական տարբեր ատյաններում դեռ քրեական վարույթներ են քննվում։ Բայց նույնիսկ այս ամենի ֆոնին վարչապետը նորից վստահում է Թորոսյանին և պետական պարտք ավելացնելու գնով բնակչությունից լրացուցիչ առողջապահական հարկ է գանձելու, որը էլի որակի բարձրացմանը չի նպաստելու՝ ինչպես պատվաստումները, բուժհաստատությունների օպտիմալացումները, պոլիկլինիկաների որոշակի գործառույթների փոփոխությունները, 0-18 տարեկանների անվճար բուժսպասարկման հնարավորությունները և այլն։ Սա ոչ մի կերպ չի նպաստել մատչելի և որակյալ բուժծառայություն ունենալուն։
Մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել պետական պարտքի մակարդակը՝ որն արդեն գերազանցում է ՀՆԱ-ի թույլատրելի շեմը։ Ավելորդ պարտքը, եթե վատ կառավարվի կամ այլ արտաքին պարտավորություններն աճեն, կարող է սեղմել պետական բյուջեի հոսքերը, ինչը սահմանափակելու է հետագա սոցիալական և ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Ստացվում է, որ ՀՀ քաղաքացին մի կողմից պիտի աշխատի և մարի պետական պարտքը, որով ոչ մի երաշխիք չունեցող ծրագիր է ներդրվելու, մի կողմից էլ լրացուցիչ առողջապահական հարկ վճարի և էլի շարունակի որակյալ բուժօգնության համար վճարել, քանի որ պոլիկլինիկաներում մակարդակի փոփոխություն չկա։ Սա հպարտ հարկատուներին նորից տուգանքի մատերիալ դարձնելու միտում ունի։