Գազայի առողջապահության նախարարության նոր տվյալները վկայում են, որ միայն վերջին 24 ժամում սովից մահացել է առնվազն 11 մարդ։ Զոհերի թվում եղբայր ու քույր են՝ 16 և 25 տարեկան, ովքեր մահացել են նույն օրը։
Մարդիկ բառացիորեն կանգնած են հացը կյանքի գնով գտնելու վտանգի առաջ։ Սննդի բաշխման կետերը, որոնցից կախված էր բնակչության մեծ մասը, այլևս չեն գործում։ Տաք սնունդ տրամադրող խոհանոցներն էլ փակ են, իսկ օգնության հազվադեպ եկող բեռնատարների մեծ մասն առևտրային է, և սննդամթերքը դարձել է չափազանց թանկ, գրում է Al-Jazeera-ն։
Արդյունքում պաղեստինցիները կորցնում են իրենց հարազատներին ոչ միայն օդային հարվածներից ու հրետակոծություններից, այլև սովից ու թերսնուցումից։ Շատերը ստիպված են կյանքը վտանգելով գնալ օգնության կետեր, որտեղ անգամ կրակոցների տակ հայտնվելու վտանգ կա։ Գազայի իրականությունը մնում է ողբերգական․ ծնողները այլընտրանք չունեն, քան ականատես լինել իրենց երեխաների մահվան սովից։