Մինչև 2030 թվականը ամբողջությամբ կթարմացվի օդի որակի մոնիթորինգի համակարգը: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
«Օգոստոսի 14-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց Շրջակա միջավայրի նախարարության մշակած նախագիծը, որով մինչև 2030 թվականը ամբողջությամբ կթարմացվի օդի որակի մոնիթորինգի համակարգը։
Նոր կարգավորումները նախատեսում են՝
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենախիստ չափանիշներին համապատասխան օդի որակի նոր նորմեր,
14 անշարժ և 2 շարժական դիտակայան Հայաստանի տարբեր բնակավայրերում,
Քիմիական և ռեֆերենս լաբորատորիաների արդիականացում,
Օդի աղտոտվածության մոդելավորման և կանխատեսման գործիքակազմ,
Վնասակար նյութերի սահմանային և նպատակային արժեքների, սահմանային արժեքների թույլատրելի գերազանցումների ցուցանիշների հստակ սահմանում՝ կարևորելով մարդու առողջության վրա վնասակար նյութերի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ազդեցությունները։
Այս քայլը կնպաստի մթնոլորտային օդի պահպանման պետական քաղաքականության արդիականացմանը և հանրային առողջության բարձր մակարդակի ապահովմանը»: