Սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։
Այսօրվանից տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում: Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միմիայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում:
Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ոչ ավելի, քան 2 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:
Տեղեկացնում ենք նաև, որ տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում:
Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակումներից խուսափելու նպատակով՝ խնդրում ենք մարզադաշտ ժամանել խաղից առնվազն 2 ժամ առաջ: