Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ լարված իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում։ Արդեն մի քանի օր է գյուղում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել, քանի որ բնակիչները տեղեկություն էին ստացել, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում երկար տարիներ զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով ստեղծված նկարը պատից հեռացնեն։
2-3 օր գյուղացիները դպրոցի մոտ հերթապահություն էին իրականացրել, որ եթե հանկարծ այն փորձեն հեռացնել, թույլ չտան։
Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, հատուկ տեխնիկայի միջոցով նկարը հեռացվել էր, ինչը բնակիչների մոտ զայրույթ էր առաջացրել, նույնիսկ սպառնում էին դիմել կտրուկ միջոցների՝ փակելով ճանապարհներ, սակայն ձեռնպահ էին մնում, սպասում էին՝ տեսնելու, թե ինչ են որոշել անել Անդրանիկի մեծադիր նկարի հետ։
Գյուղացիները նաև առաջարկում էին, որ եթե դպրոցից հեռացրել են, գոնե այն տեղադրեն գյուղում՝ արցախյան պատերազմներում նահատակված հերոսների այգում։









