Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոնե մի փոքր մտածեին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին Կովկասյան տարածաշրջան ներքաշելու իրենց որոշման հետևանքների մասին, նրանք երբեք չէին տրվի արկածախնդիր Թրամփի խորամանկություններին: Այս մասին ասել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի քաղաքական ղեկավարի տեղակալ, գեներալ Սարդար Ջավանին:
«Այս երկուսը կրկնել են նույն սխալը, որը Զելենսկին թույլ տվեց, և այս սխալը կարող է նմանատիպ հետևանքներ ունենալ նրանց և իրենց երկրների համար։ Ակնհայտ է, որ Իրանը, Ռուսաստանը և Հնդկաստանը անտարբեր չեն մնա այս կործանարար իրադարձության նկատմամբ», - ընդգծել է նա։
Նշենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների եռակողմ հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը՝ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր: Հռչակագրի առանձին կետ նվիրված է տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը և Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովմանը: Հայաստանի տարածքում կիրականացվի հատուկ նախագիծ՝ «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար», որը նախատեսում է ԱՄՆ աջակցություն այս երթուղու ապահովման գործում:
Աղբյուրը՝ tert.am