Foto

«Զանգեք՝ կանենք». Թրամփին՝ Նոբելյան մրցանակ, Նիկոլին՝ վերարտադրվելու ինդուլգենցիա


 

Հավանաբար հիշում եք, որ 2009 թվականին,  Ցյուրիխում, առանց նախապայմանների, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից ընդամենը րոպեներ անց թուրքական կողմը նախապայման առաջադրեց՝ երկկողմ հարաբերություննները կապելով Ղարաբաղի խնդրի հետ:

Երեկ էլ Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նախաստորագրեցին ինչ-որ թուղթ, որը, ըստ Թրամփի «պրեզենտացիայի», հավերժական խաղաղության փաստաթուղթ է, իսկ ինքը՝ խաղաղության աղավնին: Սակայն, թղթերի վրա ստորագրությունների թանաքը դեռ չչորացած, Ադրբեջանի նախագահը հայտարարեց է, թե Հայաստանը, խաղաղության պայմանագիր ստանալու համար, դեռ տնային աշխատանք պետք է կատարի: Մասնավորապես նշում է, որ պետք է փոփոխություններ կատարվեն ՀՀ Սահմանադրության մեջ:

Այսինքն, այն, ինչը Փաշինյանը շտապում է ներկայացնել որպես խաղաղության հաստատում, դեռ շատ նախապայմաններ ունի, և դեռ հայտնի չէ, դրանք կարո՞ղ է ինքը՝ Փաշինյանը կատարել:

2023 թվականի Պրահայի հայտարարության նախադեպը հուշում է, որ չի կարելի մատների արանքով նայել Փաշինյանի ու Ալիևի իբր իրավական հետևանքներ չունեցող հայտարարություններին: Չի կարելի թերահավատությամբ նայել այս գործընթացին, իբր սա կենսունակ չէ, իբր դեռ բոլորն իրենց խոսքը չեն ասել, իբր Թրամփն այսօր ասեց՝ վաղը հերքելու կամ մոռանալու է:

2009-ի ցյուրիխյան և երեկվա փաստաթղթերի ճակատագիրը կարող է տրամագծորեն տարբեր լինել՝ մի պարզ պատճառով: Եթե այն ժամանակ Սերժ Սարգսյանը, հայ հասարակության ճնշման և միջազգային գործընկերների ազդեցության տակ, դիմադրում էր Թուրքիայի նախապայմաններին, ապա հիմա Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի դիմադելու, այլև իրեն հասանելի բոլոր միջոցներով նպաստելու է այդ նախապայմանների կատարմանը: Իսկ եթե իր հնարավորությունները չբավարարեն, ապա Թրամփն ասաց՝ «զանգեք՝ կանենք»:

Չզարմանաք, որ զանգողը ոչ թե Ալիևը լինի, այլ հենց Փաշինյանը, չէ՞ որ սեղանին դրված է հենց իր իշխանության և անձնական անվտանգության հարցը: Իսկ նման դեպքերում Փաշինյանը միջոցների ընտրություն չի կատարում. 5000 զոհ այս կողմ, այն կողմ …

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան