Ադրբեջանից առաջին առևտրային նավը հաջողությամբ մուտք է գործել Իրանի Աստարա նավահանգիստ։ Դա տեղի է ունեցել 18 ամսվա դադարից հետո՝ 2025 թվականի հուլիսի 30-ին, հաղորդում է Mehr-ը։
Աստարա նավահանգստում գործողությունները դադարեցվել են 2023 թվականի դեկտեմբերից՝ Կասպից ծովի ջրի մակարդակի կտրուկ անկման, պայմանագրային խնդիրների և մուտքի ջրանցքում մեկ միլիոն խորանարդ մետրից ավելի տիղմի կուտակման պատճառով։ 2025 թվականի ապրիլի սկզբին, մանրամասն տեխնիկական զննումից հետո հատակաշինարարական աշխատանքներ են սկսվել։
Իրանական նավահանգիստների և նավագնացության կազմակերպության (PMO) ղեկավար Սաիդ Ռասուլիի խոսքով՝ ժամանած 1600 տոննա բեռնատարողությամբ նավը ներկայումս բեռնաթափում է արտահանվող ապրանքներ, այդ թվում՝ շինանյութեր և հանքանյութեր։
Ռասուլին նշել է, որ հողափորման աշխատանքները շարունակվում են՝ մուտքի ջրանցքն ավելի խորացնելու համար, ինչպես նաև օգտագործում է կտրիչ և բունկերային հողափոր մեքենաներ։
Տիղմի կրկնակի կուտակումը կանխելու համար ձեռնարկվում են նաև լրացուցիչ միջոցառումներ, ինչպիսիք են նստվածքի հեռացումը և ալեհատի լայնացումը։
Ծրագրերը ներառում են նավահանգստի թողունակության ընդլայնում և ծովային լոգիստիկայի ենթակառուցվածքի բարելավում։ Նա հավելել է, որ Ադրբեջանի և մերձկասպյան պետությունների հետ առևտրի ծավալների ավելացումը, ինչպես նաև ծովային նախագծերում մասնավոր ներդրումների ներգրավումը հիմնական առաջնահերթություններից են։
Ռասուլիի խոսքով՝ Աստարա նավահանգստի վերաբացումը ոչ միայն կվերականգնի տարածաշրջանային առևտրային գործունեությունը, այլև կամրապնդի Իրանի միջազգային համագործակցությունը Կասպից ծովում ծովային տրանսպորտի ոլորտում։