Foto

Կեղծ թեզերի և մեղադրանքների փոխարեն լավ կլիներ ձեզ բաժին ընկած ծառայությամբ զբաղվեիք

Կարդացի «հոգևոր կատարելության» հասած Ռ․ Ռուբինյանի՝ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակի գրառումը՝ որպես անվայելուչ պահվածքի և կեղծիքով թիրախավորված վիրավորանքի վկայություն Ամենայն Հայոց Հայրապետի հասցեին։ Այս առիթով՝ ի գիտություն Ռ․Ռ․-ի․

Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ իբրև ազգընտիր Հայրապետ, մշտապես աղոթում և մտահոգվում է թե՛ Հայաստանում և թե՛ սփյուռքում ապրող իր զավակների համար, ինչի պատճառով էլ արդարացի պահանջ է առաջ քաշում հայրենիքում բանտարկված և թշնամի երկրում գերության մեջ պահվող հոգևորական և աշխարհիկ իր զավակների շուտափույթ ազատ արձակման համար։ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը

«Շատ օրեր չեն անցել այն իրադարձություններից, երբ, օրինակ, ձեր իսկ որակավորմամբ, Հրայր սարկավագը «ահաբեկիչ» էր․ եթե այդպես էր, ինչպես ազատ արձակվեց։ Ձեր անօրինություններն ու հոխորտանքներն ամեն քայլափոխի բախվում են արդարության և ընդամենն իր «փշրանքները» պահպանած արդարադատության պատին ու վերադառնում դեպի ձեզ, որ բոլոր արդարացի մեղադրանքների իրական հասցեատերն եք։

Այս հոխորտանքի, կեղծ թեզերի ու մեղադրանքների փոխարեն շատ լավ կլիներ ձեզ բաժին ընկած ծառայությամբ զբաղվեիք և գոնե հետևեիք Ձեր և այլոց՝ Ազգային ժողովում ձևավորած մթնոլորտին ու խոսույթին, որտեղ մեկը վիզ կտրելու սպառնալիք է հնչեցնում, մեկը՝ սրան կամ նրան վերացնելու, և այդպես շարունակ, էլ չասեմ այն հայհոյախառն բառապաշարի մասին, որն արդեն սովորական ու ասես օրակարգային է դարձել։ Խորհորդ կտամ Ազգային ժողովի նիստերի՝ ուղիղ եթեր հեռարձակվելուց առաջ նախապես զգուշացնեք, որ երեխաներին, աղջիկներին և կանանց խստիվ արգելվում է հեռուստացույցի առջև լինել։

Արդարացի հայտարարություններին այդչափ ուշադիր հետևելու և անմիջապես հակադարձելու ձեր մեծ ցանկության փոխարեն՝ հակադարձեք սպառնալիքներին, վիրավորանքներին և կեղծիքին, որը թշնամի երկրի ղեկավարն ուղղում է մեր ողջ ազգին՝ ի դեմս ձեզ․ այ սա կլիներ ձեր՝ իբրև պետական գործչի, ամենամեծ ու հիմնավորված դիմադրությունը։

Եկեղեցականներին ուղղված ձեր «հորդորները», վստահ եմ, անհասցե կմնան, քանի որ այս պարագայում հորդորի և ճշմարիտ ճանապարհի կարիք ունեք դո՛ւք։ Ճիշտ կլինի, որ ինչպես յուրաքանչյուր քրիստոնյա անձ ապաշխարության ճանապարհն ունի իբրև կյանքի առաջնային ուղենիշ, Դուք էլ, թեպետ ուշացումով, այդ նույն ճանապարհն ընտրեք, քանի որ հենց այդ ճանապարհի լրումին է, որ կհանդիպենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։

Մնացեք խաղաղությամբ այսօր և միշտ և հավիտյանս»,- գրել է նա։