Foto

Քոչարյանի ներկայությունը բարդացնում է ընդդիմադիր ճամբարի հնարավոր համախմբումը․ Սուրենյանց

Քոչարյանը ոչ թե համախմբող, այլ դեկոնսոլիդացնող ուժ է, որի ներկայությունը բարդացնում է ընդդիմադիր ճամբարի հնարավոր համախմբումը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Քոչարյանի «երկու մեծ բևեռի» թեզը. իրականությա՞ն, թե՞ մանիպուլյացիայի մասին․

Երեկ համակ ուշադրությամբ հետևեցի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ ակնկալիքով, որ կլսեմ լուծումներ, հանրային կոնսոլիդացիայի վերաբերյալ բանաձևեր:

Սպասումներս, ցավոք, չիրականացան, որովհետև Քոչարյանը չի կարողանում հաղթահարել սեփական քաղաքական դերի գերագնահատման բարդույթը:

Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, թե այսօր քաղաքական դաշտում ձևավորվել են երկու մեծ միավոր․

«Հայաստան» դաշինքը,

Սամվել Կարապետյանի ստեղծվող ուժը։

Սակայն փաստերը բացարձակ այլ պատկեր են ցույց տալիս․

1. «Հայաստան» դաշինքի իրական վիճակը

2021-ի ընտրություններից հետո դաշինքը զրկվել է երկրորդ կուսակցությունից․ «Վերածնվող Հայաստան»-ը լքել է այն։

Քոչարյանի գործոնով պայմանավորված՝ ոչ միանշանակ իրավիճակ է ստեղծվել ՀՅԴ ներսում, որի վերնախավում և շարքերում, կարծես, գոյություն չունի միանշանակ կոնսենսուս՝ երկրորդ նախագահի լիդերության շուրջ:

Ուրեմն, քաղաքական կամ ինստիտուցիոնալ առումով՝ ի՞նչ է «Հայաստան» դաշինքը:

Դաշինքը 2021-ից չի մասնակցել ոչ մի ՏԻՄ ընտրության, չկար Երևանի, Գյումրիի ընտրություններում, չի ներգրավվել ամենազանգվածային «Սրբազան պայքարում», չի աջակցում իմպիչմենտի գործընթացին՝ բերելով ոչ լոգիկ բացատրություններ, արհեստական կոնտրաստ ստեղծելով իմպիչմենտի գործընթացի և 2026-ի ընտրությունների միջև:

Այսօր «Հայաստան» դաշինքը փաստացի գործում է միայն խորհրդարանական խմբակցության ձևաչափով և չունի կազմակերպված քաղաքական գործունեություն, ինստիտուցիոնալ կառույց:

«Հայաստան» դաշինքը, այս պահին, մեծ միավոր չէ, այլ խորհրդարանական մնացորդ:

Այս պարագայում, ո՞րն է «մեծ միավորը», որի մասին խոսում է Քոչարյանը։

2. Սամվել Կարապետյանի ուժի մասին

Քոչարյանը «մեծ միավոր» է համարում մի ուժ, որը դեռևս գոյություն չունի․

Չկա գրանցված կուսակցություն,

Չկա գաղափարախոսություն կամ ծրագիր,

Չկա կառույց և հրապարակային գործունեություն։

Կարապետյանի միակ առավելությունը՝ ֆինանսական ռեսուրսը, դեռ ոչ մի կերպ չի վերածվել քաղաքական կապիտալի:

Սամվել Կարապետյանի ձևավորվելիք ուժն, անշուշտ, ունի պոտենցիալ, սակայն

ինչպե՞ս կարելի է խոսել ազդեցության մասին, երբ ուժը նույնիսկ իրավաբանական հարթությունում չկա։

3. Քոչարյանի թեզի իրական ենթատեքստը

Քոչարյանը փորձում է ստեղծել տպավորություն, թե քաղաքական դաշտը բևեռացվում է իր շուրջը։ Բայց իրականում՝

դաշնակցային դաշտում նրա մեկուսացումն ակնհայտ է,

մյուս կուսակցություններն, անհատները խուսափում են նրա հետ նույն հարթակում հայտնվել,

նրա հայտարարությունները ավելի շատ պահպանում են դերակատարության պատրանք, քան արտացոլում իրականությունը։

Քոչարյանը ոչ թե համախմբող, այլ դեկոնսոլիդացնող ուժ է, որի ներկայությունը բարդացնում է ընդդիմադիր ճամբարի հնարավոր համախմբումը։ Նրա «երկու մեծ միավորի» թեզը փաստերով չի հաստատվում․

«Հայաստան» դաշինքը գործնականում անգործունակ է,

Սամվել Կարապետյանի ուժը դեռ չի ծնվել։

Իսկ քաղաքական դաշտի «ֆունդամենտալ փոփոխությունը» դեռ սպասում է իր իրական դերակատարներին, ոչ թե պատրանքներին»,-գրել է Սուրենյանցը։