Երևանի մետրոյի կայարաններում այսօր հերթեր են գոյացել թղթային տոմսերի չեղարկման պատճառով։ Գրում է Սպուտնիկ Արմենիան:
Օգոստոսի 1-ից շրջանառությունից հանվել են հասարակական տրանսպորտով երթևեկելու համար մեկանգամյա օգտագործման QR կոդով թղթային տոմսերը։
Տոմսարկղերի դիմաց հերթեր են առաջանում քարտեր գնելու համար, իսկ քարտերն անմիջապես չեն ակտիվանում։ Աշխատակիցները քաղաքացիներին խնդրում են մի քանի րոպե սպասել։
Չիմանալով, որ այսօրվանից QR–ի թղթային տարբերակը չի գործում` շատերը «Telcell»–ի ապարատներից տոմս են գնում։ Ապարատը փողը գանձում է, տոմսը տալիս առանց QR–ի։ Մարդիկ չեն կարողանում այդ տոմսերով օգտվել մետրոյից։
«Ինչո՞ւ «Telcell»-ը ծրագիրը չի անջատում, որ մարդիկ գոնե սխալմամբ չգնեն»,- ասաց ուղևորներից մեկը:
Ուղեվարձը կարելի է վճարել նաև բանկային քարտերով, բայց խնդիր է ծագում, եթե ուղևորը փորձում է իրենից բացի ուրիշի համար էլ վճարել. քարտը կարող է օգտագործվել մեկ անգամ։
Sputnik Արմենիային մետրոպոլիտենից ասացին, որ կայարաններում թղթային տոմսերի չեղարկման պատճառով կուտակումներ չկան։
«Քաոսային վիճակ չկա, պարզապես մարդիկ հերթ են կանգնում, որ քարտը լիցքավորեն, անցնեն»,– նշեցին մամուլի ծառայությունից։
Մարդիկ դեռ կարող են անցնել նախկինում ձեռք բերված մեկանգամյա օգտագործման QR կոդերով, որոնց գործողության ժամկետը չի լրացել, ինչպես նաև անձնական բանկային քարտերով (բացառությամբ «ՎՏԲ-Հայաստան»–ի):