Օրերս Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ, մասնագիտությամբ տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը հայտարարեց, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի բացման դեպքում Հայաստանը զարգացման մեծ հնարավորություններ կունենա։
ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը տնտեսական առումով ձևակերպվում է որպես տարածաշրջանային կապերի ապաշրջափակման միջոցով Հայաստանի տնտեսական ինտեգրման ռազմավարություն։ Սակայն այն տնտեսագիտական քննադատության չի դիմանում, քանի որ չոր թվային հաշվարկներն ու կանխատեսումները արձանագրում են հակառակ պատկեր։
Իշխանական քարոզչությունը պնդում է, թե նախագիծը նպատակ ունի Հայաստանը դարձնել տրանզիտային հանգույց՝ միացնելով այն Սև, Կասպից, Միջերկրական և Պարսից ծոցերի փոխկապակցված ենթակառուցվածքային ցանցերին։ Այս պատկերացմամբ ենթադրվում է, որ Հայաստանը կկարողանա իր աշխարհագրական դիրքը ծառայեցնել տարածաշրջանային բեռնափոխադրումների օղակ դառնալու և մաքսային ու տարանցիկ եկամուտներ ստանալու համար։
Սակայն նման նպատակների իրագործելիությունը սահմանափակվում է մի շարք հիմնարար գործոններով՝ տեխնիկական (ուղիների թողունակություն, ենթակառուցվածքների վիճակ), շուկայական (բեռների ծավալ, մրցունակություն այլ երթուղիների նկատմամբ) և աշխարհաքաղաքական (տարածաշրջանային հակասություններ, անվտանգության ռիսկեր)։ Այս գործոնները նվազեցնում են նախաձեռնության տնտեսական իրատեսությունը և պահանջում են քննադատական վերաբերմունք նախագծի հիմքում ընկած տնտեսական վարկածների գնահատման հարցում։ Եվ այս մասին, անկասկած, պետք է տեղյակ լինի մասնագիտությամբ տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը։
Մնում է միայն հարցնել՝ որքան պետք է մարդ սնափառ ու անողնաշար լինի, որ կյանքի մայրամուտին դավաճանի ոչ միայն իր անցած ճանապարհին և արժեքային համակարգին, այլև սեփական մասնագիտությանը՝ միաժամանակ կամովին դառնալով այսօրվա իշխանությունների դավադիր և դավաճանական վարքագծի մեղսակից։