Foto

Պետք է անել ամեն ինչ վատագույն սցենարից խուսափելու համար. Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանն ահազանգում է․ «Ստեփան Սամվելյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանն ահազանգում է իր պաշտպանյալի առողջական դրության ծայրահեղ վիճակի մասին։ Հայտնում եմ, որ գրություններով դիմել եմ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ ակնկալելով գործուն քայլեր և արագ արձագանք։ Ինչպես հայտնի է, 1 շաբաթ առաջ կալանավորվել է Ստեփան Սամվելյանը։ Վերջինս մեղադրվում է Արամ Զավենի Սարգսյանի դեմ մահափորձ կատարելու մեջ, այնինչ, թույլ է տվել իրեն անել ընդամենը հրապարակային արտահայտություններ։ Ստեփան Սամվելյանի առողջական դրությունը ժամ առ ժամ վատթարանում է։

Սամվելյանը տարել է գլխուղեղի կաթված, որի հետևանքները չեն անցել։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Սամվելյանը վերջին օրերին չի կարողանում անգամ քայլել և խոսել։ Անհրաժեշտ է համապարփակ հետազոտություն մասնագիտացված բժիշկների կողմից, ինչը, քրեակատարողական հիմնարկներում իրականացնելն անհնար է։ Նշեմ, որ մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ, որոնց թվում եմ նաև ես, միացել ենք ստորագրահավաքի, որով կոչ ենք անում իրավապահներին, պատկան ատյաններին՝ փոխելու Սամվելյանի խափանման միջոցը և նրան քրեակատարողական հիմնարկի փոխարեն անհապաղ բուժհաստատություն տեղափոխելու։

Պետք է անել ամեն ինչ վատագույն սցենարից խուսափելու համար։ Կրկնում եմ, գործ ունենք մարդու կյանքի հետ»։