ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այցելել է Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաք, որտեղ պետք է ուսումնասիրի սննդի բաշխման կենտրոնները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Հուլիսի 31-ին նա այցելել էր Իսրայել, հանդիպում ունեցել վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որից հետո կողմերը հայտարարել էին, որ «արդյունավետ» զրույց են ունեցել։
Ուիթքոֆն օգոստոսի 1-ին Գազայում այցելում է օգնության բաշխման այն վայրերը, որոնք կառավարում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից աջակցվող «Գազայի հումանիտար հիմնադրամ» (GHF) կազմակերպությունը, որը մայիսից փոխարինել է ՄԱԿ-ի օգնության բաշխման մեխանիզմը։
Այդ ժամանակից ի վեր հումանիտար կազմակերպությունները հայտնել են իսրայելական ռազմական գոտիներում գտնվող GHF-ի օգնության բաշխման կենտրոններում բազմաթիվ պաղեստինցիների սպանությունների մասին։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել է, որ մայիսից ի վեր հումանիտար օգնության սպասելու հերթում սպանվել է առնվազն 1373 պաղեստինցի։