Տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միայն քարտեզի գծերը չեն․ դրանք նաև էներգետիկ և տրանսպորտային համակարգերի վերահսկողությունն են։
Գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Իրական հակասություն՝ վարչապետի խոսնակի հայտարարության մեջ։
Այսօր կրկին անդրադառնալու եմ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանի գրառմանն, այս անգամ տեքստի բովանդակության ներքին հակասության համատեքստում:
Նազելի Բաղդասարյանը հայտարարում է․
«ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը չի կարող արտապատվիրակվել»։
Սակայն նույն տեքստի հաջորդ հատվածում հավելում է․
«Երկաթուղու, խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի բիզնես–կառավարումը կարող է»։
Ու հենց այստեղ է թաքնված Նազելի Բաղդասարյանի, իրականում՝ Փաշինյանի մտքի հակասությունը, ավելի ստույգ՝ հասարակությանը մանիպուլացնելու փորձը:
Եթե մենք չենք արտապատվիրակում իրավազորությունը, ապա ինչպես կարող է ռազմավարական ենթակառուցվածքների կառավարումը անցնել այլ սուբյեկտի ձեռքը՝ առավել ևս, եթե խոսքը վերաբերում է պետության անվտանգության ու տնտեսական ինքնիշխանության առանցքային օղակներին։
Մանրմամասնեմ, հստակեցնեմ միտքս:
«Կառավարում» նշանակում է որոշումներ կայացնելու լիազորություն՝ կապված շահագործման, գների, մուտքի կամ օգտագործման պայմանների հետ։
Եթե այդ լիազորությունը փոխանցվում է օտար պետությանը կամ նրա վերահսկողության տակ գտնվող կառույցին, ապա գործնականում մենք ստանում ենք սուվերենության սահմանափակում, եթե նույնիսկ ֆորմալ առումով Հայաստանի սուվերենությունը, իրավազորությունը պահպանվում են:
Այսպիսով՝ պնդումը, թե «չենք արտապատվիրակում իրավազորությունը», բայց «կարող ենք արտապատվիրակել կառավարումը», լոգիկ առումով հակասություն է։
Տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միայն քարտեզի գծերը չեն․ դրանք նաև էներգետիկ և տրանսպորտային համակարգերի վերահսկողությունն են»։