ՌԴ-ի երեկվա հարձակումից հետո Կիևում բոլոր որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են. ներկայում հայտնի է 31 զոհի մասին, որոնց թվում՝ հինգ երեխա։ Այս մասին թելեգրամյան ալքիում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Զոհերին ամենափոքրը երկու տարեկան էր։
«Իմ ցավակցություններն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին։ Վիրավորվել է 159 մարդ, որոնցից 16-ը՝ երեխաներ։ Բոլորն այժմ ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Շնորհակալություն եմ հայտնում փրկարարներին, ոստիկաններին, բժիշկներին, բուժքույրերին, կոմունալ ծառայությունների աշխատակիցներին՝ բոլորին, ովքեր հիմա օգնում են մարդկանց։ Դա շատ կարևոր է։
Ռուսաստանի հերթական այդ ստոր հարձակումը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է հավելյալ ճնշում Մոսկվայի վրա և նոր պատժամիջոցներ։ Թեև Կրեմլում ժխտում են դրանց արդյունավետությունը, դրանք գործում են և պետք է լինեն ավելի ուժեղ՝ հարվածելով ամեն ինչին, ինչը թույլ է տալիս շարունակել նման հարձակումները։ Եվ շատ կարևոր է, որ աշխարհը չլռի դրանց մասին։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցել են մեր ժողովրդին։ Մենք գնահատում ենք, որ նախագահ Թրամփը, Եվրոպայի առաջնորդները, մեր մյուս գործընկերները հստակ հասկանում են՝ ինչ է տեղի ունենում, և դատապարտում են Ռուսաստանին», - գրել է երկրի նախագահը։
Նա մանրամասնել է, որ միայն հուլիսին ՌԴ-ն Ուկրաինայի դեմ կիրառել է ավելի քան 5,100 կառավարվող ավիացիոն ռումբ, ավելի քան 3,800 «Շահեդ» տեսակի անօդաչու, տարբեր տեսակի մոտ 260 հրթիռ, որոնցից 128-ը՝ բալիստիկ։