«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուրջ 6 ամիս է, ինչ ՀՀ քննչական կոմիտեն 5 լրագրողի ճանաչել է տուժող՝ ԱԺ օթյակում նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործով, սակայն մինչ օրս քայլ չի արվել հանցանքի հրահանգը տվողներին պատասխանատվության կանչելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից բռնությամբ դուրս հանելու գործով 5 լրագրող տուժող է ճանաչվել: Այս վարույթի հիմքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումն է:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 12-ին, երբ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անթույլատրելի տեսակի նռնակներ էին պայթեցնում ոստիկանները, ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ լրագրողներին բռնությամբ դուրս հանեցին լրագրողական օթյակից, որպեսզի նրանք ԱԺ նիստը չլուսաբանեն: Այս առիթով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ սկսել են ոստիկանության Արաբկիրի բաժին հրավիրել օթյակում գտնված լրագրողներին՝ նրանց տուժող ճանաչելով:
Փետրվարի 24-ին կոմիտե են հրավիրվել «24 նյուզ»-ի լրագրող Հերմինե Միքայելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, «5-րդ ալիք»-ի լրագրող Կարինե Մանգասարյանը, News.am-ի լրագրող Ռուզան Խաչատրյանը. նրանք բոլորը ճանաչվել են տուժող եւ հարցաքննվել են:
«Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչը կոնկրետ անուններ էր տվել, թե ում ներկայությամբ են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտել, եւ ով է կանգնած վերահսկել իրավիճակը՝ ենթադրաբար հրահանգներ տալով:
ՊՊԾ աշխատակիցներին այդ հրահանգը ենթադրապես տվել է անձամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, որը օթյակի միջանցքում հետեւել է, թե ինչպես են լրագրողներին բռնությամբ դուրս հանում օթյակից:
Այո՛, խոսքը նույն Դավիթ Առաքելյանի մասին է, որը հայտնի է շրջապատում «Ձուկ» մականունով»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 01․ 08․ 25 թ համարում։