Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտարարել է, որ աջակցելու է Հայաստանի ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հանդես եկող քաղաքական ուժերի համախմբմանը՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
«Չեմ պատրաստվում մասնակցել առաջիկա ընտրություններին, սակայն իմ բոլոր հնարավորությունները կօգտագործեմ՝ օգնելու այն առողջ ուժերին, որոնք հայրենիքի նկատմամբ սիրով ու հետևողականորեն կօգտագործեն իրենց տնտեսական և մարդկային կարողությունները, որպեսզի վերածնվի Հայաստանը»,- ասել է Աբրահամյանը:
Նա նշել է, որ Փաշինյանի կառավարությունը կորցրել է Լեռնային Ղարաբաղը, երկրի կարևորագույն օբյեկտների վերահսկողությունը հանձնում է օտարերկրացիներին, մեծացնում է Հայաստանի պարտքի բեռը, նպաստում է գների թանկացմանը
«Վերջին տարիների պատմությունը տխուր վկայությունն է այն բանի, որ Փաշինյանը, մանիպուլացնելով հասարակական տրամադրությունները, իրեն հավատացողներին վերածել է իր խաբեությունների հանցակցի»,- ավելացրել է Աբրահամյանը:
Միաժամանակ Աբրահամյանը նշել է, որ հայերի մեծամասնությունը սիրում է իր հայրենիքը և պատրաստ է միավորվել՝ հանուն նրա պաշտպանության և բարգավաճումի: « Հարկավոր է շփվել մոլորյալների հետ և բացատրել, որ կարելի է կորցնել բիզնեսը, բայց սկսել զրոյից և կրկին հարստանալ, կարելի է կորցնել և նոր ընկերներ ձեռք բերել, բայց ով կորցնում է հարենիքը, կորցնում է ամեն ինչ»,- ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահը: