Foto

Ադրբեջանցիները, 3-4 օր է, չեն կրակում Սյունիքի ուղղությամբ. բայց մարդիկ, մեկ է, անհանգիստ են.MediaHub

Մարտից սկսած ադրբեջանական ԶՈՒ–ն շարունակաբար, գրեթե ամենօրյա ռեժիմով կրակ է բացում Սյունիքի բնակելի տների ուղղությամբ, երբեմն փոխում էին կրակահերթի «տրաեկտորիան»  ու կրակում Տավուշի մարզի, Ջերմուկ քաղաքի դիրքերի ուղղությամբ։ MediaHub-ը միշտ ուշադրության կենտրոնում է պահում այս խնդիրը, որ գրեթե 5 ամիս սյունեցիներն ամեն օր լսում են թշնամու կրակոցները, որ միշտ չէ, որ կրակը անհետևանք է, և մարդկանց տներն են վնասվում, և միայն այդ դեպքերում է եղել, որ ՀՀ ՊՆ-ն արձագանքել է:

MediaHub-ը գրել էր, որ դեռ մի քանի ամիս առաջ սահմանամերձ համայնքների ղեկավարներին խիստ հրահանգվել է ԶԼՄ-ներին կրակnցների մասին տեղեկություններ չհաղորդել, ոչինչ չասել։ Այժմ հրահանգվել է ո՛չ միայն համայնքի ղեկավարներին «ծպտուն չհանել», այլ նաև գյուղերի բնակիչներին։

Սակայն, MediaHub-ին սյունեցիները շարունակում են տեղեկություն տրամադրել, թե ի՞նչ է կատարվում սահմանին, արդյո՞ք թշնամին շարունակում է կրակել բնակելի տների ուղղությամբ։

«Արդեն մի 3-4 օր է, թե՛ մեր մոտ՝ Խոզնավարում, թե՛ կողքի գյուղերում մարդիկ չեն լսում կրակոցները։ Այսինքն, մի քանի օր է ադրբեջանցիներն «օտպուսկ են վերցրել» ու չեն կրակում։ 5 ամիս ամեն օր կրակում էին, այո՛, անհանգիստ էինք, բայց արդեն սովորական էր դարձել։ Իսկ այժմ, երբ չեն կրակում, էլ ավելի ենք անհանգստանում՝ մտածելով, թե արդյո՞ք սա վատ նշան չի, և հնարավոր է, այս հանգստից հետո գործողություններ սկսեն, պատերազմ լինի»,– նշեց խոզնավարցի մեր զրուցակիցը։

Նա հավելեց, որ այսօր տեսել են ՊՆ–ի տարածած հաղորդագրությունը, թե որևէ դիրք թշնամին, իբր, չի գրավել․ «Այսօր տեսանք, որ գրել էին՝ «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել», այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս ամենի ֆոնին մտածում ենք, որ լավ նշան չի…. ամեն վարկյան սպասում ենք, որ պատերազմ կլինի․․․»։

Մարիաննա Արամյան