Իրանի հետախուզական ծառայությունները կանխել են 23 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձերը Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարության հայտարարության մեջ, որն արվել է Իրան-Իսրայել հակամարտության արդյունքներով։
«Հաջողվեց բացահայտել և չեզոքացնել ռեժիմի (նկատի ունի Իսրայելը – ՏԱՍՍ) ահաբեկչական ծրագրերը, որոնք ուղղված էին 12-օրյա պատերազմի ընթացքում երկրի 23 բարձրաստիճան պաշտոնյաների սպանությանը, ինչպես նաև պատերազմից առաջ ծրագրված 13 նմանատիպ դավադրություններ, որոնց բացահայտումը հանգեցրեց 35 բարձրաստիճան քաղաքացիական և զինվորական պաշտոնյաների սպանության կանխարգելմանը», – նշվում է փաստաթղթում։
Իրանի հետախուզության ծառայողները նաև կանխել են առնվազն 450 օտարերկրյա զինյալների մուտքն Իրան Իսրայելի հետ հակամարտության սրման ժամանակ՝ հունիսին։ «Մեզ հաջողվել է պարզել երկրի հարավարևելյան սահմանի մոտ տեղակայված 300 օտարերկրյա ահաբեկիչների գտնվելու վայրը, որոնք պատրաստվում էին ներթափանցել Իրանի տարածք, ինչպես նաև կանխել նրանց հետագա տեղաշարժը», – նշել են գերատեսչությունում։