«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները երեկ փոխանցեցին, որ GTB ընկերության սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանին իշխանությունները գործուղել են ՀԷՑ` Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման: Մեր աղբյուրները նշել էին, որ 16:00-ին Տեր-Ղազարյանը ՀԷՑ-ում է լինելու, որպեսզի Պետրոսյանի հետ պայմանավորվի ու բաժնեմաս գնի ընկերությունից, քանի որ այդպես է ուզում Նիկոլ Փաշինյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը նշված ժամին ՀԷՑ-ի գլխավոր մասնաշենքի դիմաց էր, երբ Գրիգոր Տեր-Ղազարյանը, Կառավարության հետ պայմանավորված ժամին, երկու շքեղ «Lamborghini»-ներով հայտնվեց: Նա ակնհայտորեն անակնկալի եկավ մեզ տեսնելով՝ եւ փակվեց իր ավտոմեքենայում 20 րոպեից ավելի: Այնուհետեւ անվտանգության ինչ-որ աշխատակից, մոտենալով Տեր-Ղազարյանին, հրահանգեց ոչ մի հարցի չպատասխանել: Ակնհայտ երեւում էր, որ Տեր-Ղազարյանին սպասում էին ներսում: Նույն անվտանգության ագրեսիվ աշխատակիցը Տեր-Ղազարյանին ուղեկցեց դեպի շենք. վերջինս 20 րոպե հետո հեռացավ՝ առանց մի բառ ասելու, առանց մեր հարցերին պատասխանելու:
Երիտասարդ մեծահարուստը, ով հնարավորություն ուներ պատասխանելու մեր հարցերին, պարզաբանելու իր այցի նպատակը, բացատրելու, թե ինչու էր ՀԷՑ-ում հայտնվել, լուռ հեռացավ եւ ոչ մի պարզաբանում չտվեց: Դրանից մի քանի ժամ հետո ֆեյսբուքյան գրառում արեց՝ հայտարարելով, թե ինքը նպատակ չունի ՀԷՑ-ից ինչ-որ բան գնելու: Հետաքրքիր է, թե կառուցապատող ընկերության ղեկավարը ինչու էր հայտնվել ՀԷՑ-ի շենքում, կամ եթե նման նպատակ չուներ, ինչու ներս մտնելիս չասաց այդ մասին:
Այսպիսով, ստանալով տեղեկություն, որ Տեր-Ղազարյանին ուղարկել են ՀԷՑ-ից մասնաբաժին գնելու՝ «Ժողովուրդ» օրաթերթը գնացել էր այնտեղ՝ անմիջաբար գործարարից տեղում պարզելու տեղեկությունը: Էլի չստացվեց:









